Այս իրավիճակում ճիշտ գտնվելու համար կա մեկ լուծում. Բագրատ Սրբազանի պաշտպանը՝ դատավորին
Իրավունք
16:01 19/02/2026
Հայաստան

Այս իրավիճակում ճիշտ գտնվելու համար կա մեկ լուծում. Բագրատ Սրբազանի պաշտպանը՝ դատավորին

«Պաշտպանյալիս կալանավորելու շարժառիթը եղել է ինչպես  քաղաքական գործընթացներից մեկուսացնելը, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու ներսում կշիռ ունեցող հոգևորականի մեկուսացումը, որպեսզի դյուրին լինի եկեղեցու դեմ արշավը»,-18 արդարների գործով դատական նիստին հայտարարեց Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով, այս իրավիճակում ճիշտ գտնվելու համար կա մի լուծում. «Վստահորդիս նկատմամբ խափանման միջոց չպետք է ընտրված լինի, քանի որ այս հետապնդումն ի սկզբանե եղել է ապօրինի, նշված շարժառիթներով։ Խափանման միջոցը չունի որևէ իրավական հիմք, այն չպետք է գոյություն ունենա»։

Փաստաբանն ասաց, այս փուլում դատավորն ունի որոշակի լիազորություններ, որով կկարողանա մեղմել այն ապօրինությունները, որոնք սկիզբ են առել 2025 թ. մարտի 18-ից քրեական վարույթը նախաձեռնելով, ապա հունիսի 25-ին մարդկանց ձերբակալելով ու մեղադրանքներ առաջադրելով։

«Դա բավականին դժվար որոշում է՝ հաշվի առնելով մեր այսօրվա իրողությունները, բայց դա միակ ճիշտ որոշումն է»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ այդպիսով դատավորը հնարավորություն կունենա վերացնել Բագրատ Սրբազանի իրավունքների խախտումները, ինչպես նաև դատական համակարգի այսչափ գահավիժումը կանգնեցնելու արգելակը;

Խուդոյանն ասաց, դրա համար դատարանն ունի իրավական հիմքեր։

Բագրատ Սրբազանի պաշտպաններից Սերգեյ Հարությունյանն էլ ընդգծեց, որ Բագրատ Սրբազանի մեկուսացումով, նրա դեմ քրեական վարույթ հարուցելով սկսեց այս ամոթալի արշավը եկեղեցու դեմ, հույս հայտնեց, որ վաղ թե ուշ  արշավին մասնակցած հանցավոր գործողություններ կատարած մարդիկ կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստութամբ։

«Նաև պատմության աղբարկղում են հայտնվելու շատ-շատ գործիչներ, որոնք այս ժամանակահատվածում այդ քայլերն են արել։ Պատվարժան դատարան, այո, մենք չենք միջնորդում որևէ այլ այլընտրանքային խափանման միջոց, որովհետև գտնում ենք, որ Բագրատ Սրբազանը այս շինծու քրեական գործի շրջանակում չպետք է լինի անազատության մեջ։ Որևէ սրբազան այսօր չպետք է լինի անազատության մեջ։ Բագրատ Սրբազանը պետք է այստեղից անհապաղ ազատ արձակվի»,-ասաց պաշտպանն ու մանրամասնեց, որ այս գործով կրկնակի խտրական վերաբերմունք է դրսևորվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս իրավիճակում ճիշտ գտնվելու համար կա մեկ լուծում. Բագրատ Սրբազանի պաշտպանը՝ դատավորին