Երևանի թիվ 143 մանկապարտեզի ծնողները բողոքի ակցիա են անցկացնում
Հասարակություն
19:45 20/02/2026
Հայաստան

Երևանի թիվ 143 մանկապարտեզի ծնողները բողոքի ակցիա են անցկացնում

Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք բողոքում են, որ տնօրենի նախկին պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, որը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ՔՊ-ական Տիգրան Գաբրիելյանի՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ վերանշանակվել է նախկին աշխատանքին: Իրադարձություններն իր էջում ուղիղ միացմամբ ցույց է տվել լրագրող, ծնող Թագուհի Մելքոնյանը։

Ծնողները նաև տոպրակով սննդամթերք էին բերել մանկապարտեզ՝ ի նշան կոռուպցիոն սկանդալի, որով  անցնում է տնօրենը։

Մանկապարտեզում մի տղամարդ մոտեցավ, որն աշխատակից չէր, խոչընդոտում էր ծնողներին։ Ծնողները փորձեցին հետաքրքրվել, թե ո՞վ է և ինչո՞ւ է անծանոթ մարդը  ներս մտել մանկապարտեզի շենք։ Տղամարդը որևէ պարզաբանում չտվեց։

 «Եկեք գնանք ինչ մտածում ենք՝ դեմքին ասենք»,- ասաց ծնողներից մեկն ու մոտեցան տնօրենի աշխատասենակին։

Տնօրենը նախ ծնողներին ներս հրավիրեց խոսելու, բայց հետո հրաժարվեց՝ ասելով, որ առանց լրագրողների ներկայության կխոսի։ ՝ Հայտարարեց՝ ուզում է հանդիպել միայն ծնողների հետ և լեքց աշխատասենյակը։ Թեև ծնողները սպասում էին, որ տնօրենը կմոտենա և պարզաբանում կտա իրենց մտահոգություններին, սակայն քիչ անց աշխատակիցը եկավ տնօրենի պայուսակի հետևից։

«Ահա այն աթոռը հանուն որի մարդը պատրաստ է խայտառակվել, վերադառնալ կոռուպցիոն սկանդալներից հետո »,- ցույց տվեց տնօրենի դատարկ աթոռը ծնողը։

Այսուհանդերձ, ծնողները նշեցին, որ հետամուտ են լինելու, որ պատասխանատվության ենթարկվի տնօրենը։ Ինչպես Panorama.am-ին հայտնեց Թագուհի Մելքոնյանը՝ հաջորդիվ պատրաստվում են գնալ Հակակոռուպցիոն կոմիտե և Դատախազություն՝ պահանջելով հանդիպում գործը քննող քննիչի հետ։

«Պետք է պարզաբանեն, թե ինչու մինչև այս պահը իրեն մեղադրանք առաջադրված չէ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական վարույթը: Խոսքը կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։ Այս գործով Ռ. Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից աշխատակիցներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի թիվ 143 մանկապարտեզի ծնողները բողոքի ակցիա են անցկացնում