Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Ալեքսանյանն ասաց՝ հիվանդությունը ձեռք է բերել բանտում. Նրա տնային կալանքը վերացվեց
18 արդարների գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արմեն Ալեքսանյանը, որը սոցցանցի իր էջում հրապարակել էր տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանին նմանակելով ձվածեղ պատրաստելով, այսօր դատարանի որոշմամբ ազատվեց տնային կալանքից։ Մեղադրող դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարացնել նրա կալանքը։
Ալեքսանյանի պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիր, 6 անգամ այցելել է ԲԿ՝ դատարանի թույլտվությամբ, հստակ ժամանակահատվածում հասել է հիվանդանոց ու հետ վերադարձել։ Նա որևէ խախտում չի արել, ինչը խոսում է պարկեշտ վարքագծի մասին։
Պաշտպանն ասաց, Ալեքսանյանը սրտի խնդիր ունի, նրա հայրը՝ Ռոբերտ Ալեքսանյանը 6 անգամ սրտի ստենդավորում է ունեցել, 3-րդ կարգի հաշմանդամություն ունի։
«Հարգելի դատարան, Ալեքսանյանը հինգ ամիս գտնվել է ՔԿՀ-ում, 3 ամիս՝ տնային կալանքում, որևէ խախտում թույլ չի տվել։ Հիմա նրա խնամքին կան 3 անչափահաս երեխաներ, հիվանդ հայրը, մայրը, կինը, նա ընտանիքին կերակրելու խնդիր ունի»,-ասաց Ալեքսանյանի պաշտպանը՝ նշելով, որ տնային կալանքի ու կալանքի միջև գրեթե տարբերություն չկա։
Նա նշեց, որ մինչ կալանավորվելը Ա. Ալեքսանյանը տաքսի էր վարում, արդեն 8 ամիս զրկված է այդ հնարավորությունից։
«Պատվարժան դատարան, կարծում եմ, որ անհրաժեշտ է ու կարելի է փոփոխել նրա խափանման միջոցի հարցը, որպեսզի ինքը կարողանա խնամք տանել իր ընտանիքի անդամների, իր մասին»,-ասաց պաշտպանը՝ միջնորդելով, որ նրա նկատմամբ գոնե վարչական վերահսկողություն սահմանեն ու թույլ տան, որ նա գոնե որոշակի ժամերի տաքսի վարի։
Արմեն Ալեքսանյանը, ի պատասխան դատավորի հարցի, ասաց՝ փսորիազն առաջացել է բանտում գտնվելու ընթացքքում։ Դատավորը ցանկացավ սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է արտահայտվում հիվանդությունը, երկու րոպե ընդմիջում հայտարարեց, խնդրեց դահլիճում գտնվողերը, այդ թվում ԶԼՄ ներկայացուցիչները դուրս գան։
Դատարանը հայտարարեց, որ տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո Ալեքսանյանի նկատմաբ կսահմանվի վարչական վերահսկողություն՝ էլեկտրոնային սարքի միջոցով, շաբաթը երկու անգամ նա պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն, ժամը 22։00-ից մինչև ժամը 8։00-ը չբացակայը տանից, չհաղորդակցվը վարույթի մասնակիցների հետ, չայցելի զվարճանքի ու ժամանցի այլ տեղեր։