Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Հաջորդ ծառահատումները Կոմիտասի պողոտայում են։
Հայաստանի մայրաքաղաքում աշխատում է մի կառույց, որը եզակի մենաշնորհ ունի՝ առանց որևէ խաչաձև վերահսկողության, կառույցի 75 տարեկան դենդրոլոգը (ամենայն հարգանքով տարեցների նկատմամբ)՝ բոլոր նախկինների օրոք փառահեղ անցյալով, ծառերի խորը էտի ակտիվ պրոպագանդիստ և մինչ օրս կատարող լինելով, հազարավոր ծառերը աչքաչափով գնահատում է «անկենսունակ» (3 տարի անց օրերս մի գործիք առան), նույն կառույցը հասուն ծառերը հատում է, իրենց կողմից գնահատվում է ստացված փայտանյութի ծավալը, կառույցի տարածքում պահեստավորվում և «բաժանվում կարիքավորներին»։ Ի դեպ, խոսքը բազմահազար ծառերի մասին է և եզակի փայտանյութի (թեղին կաղնու նման կարծր տեսակ է)։
Ինքս արել եմ առավելը, որպես Երևանի ավագանու անդամ և 30 տարվա ոլորտի փորձագետ։ Ով տեղյակ չէ, լսեք ելույթս ավագանու նիստին։ Նշեմ նաև, որ Երևան քաղաքը չունի ԳԼԽԱՎՈՐ ԴԵՆԴՐՈԼՈԳ, ով լիազորված է նման աշխատանքները թույլատրել և վերահսկել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։
Ստորև ինչ եմ արել և փաստաթղթերով ներկայացրել բոլորին.
-հանրային լսումներ՝ խնդրի հետ առնչվող պետական կառույցների և ՀԿ -ների մասնակցությամբ,
-հանրային լսումներ քաղաքացիների մասնակցությամբ,
-միջազգային ամենահեղինակավոր փորձագետների կարծիքների ներկայացում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, կլիմայով մեզ մոտ Ղազախստան, Ուզբեկստան և այլն
-նամակագրություն երկրի լիազոր մարմինների հետ պետական միջոցների վատնման և քաղաքի կանաչ կմախքի ոչնչացման մասին՝
-ՊՎԾ,
-Բնապահպանության և տեսչական մարմին,
-Վարչապետին կից տեսչական, Բուսաբանության և Կենդանաբանության ինստիտուտներ,
-Ագրարային համալսարան, Առողջապահության և Շրջակա միջավայրի նախարարարություն և այլն…
Մեր քաղաքապետարանը եզակի է, համառորեն շարունակեք աղետ ստեղծել բոլորիս երեխաների և կենսաբազմազանության կյանքի հաշվին։ Հայաստանն այսպես է պատրաստվում COP 17-ին՝ «Կենսաբազմազանության ապագան ծառազուրկ և անապատացող քաղաքում»։
Նկարներում մեր ծառերն են Կոմիտասի պողոտայում, որոնք ժամանակին, գրագետ ձևավորվել և բուժել էինք։ Հատման հերթը սրանցն է։
Ձեր փոխարեն, ոչ ոք Երևանն ու ձեր կյանքը չի պաշտպանելու»։