Թիվ 143 մանկապարտեզի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՔԿ
Իրավունք
13:25 24/02/2026
Հայաստան

Թիվ 143 մանկապարտեզի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՔԿ

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Այսօր առավոտյան ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել  Քննչական կոմիտե մանկապարտեզի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի դեմ։  ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ այժմ ուսումնասիրում են հաղորդումը, ինչից հետո կամ կնախաձեռնվի քրեական վարույթ, կամ ոչ։

Տեղեկություններ են տարածվել, որ այսօր առավոտյան Ռ. Դանիելյանը հենց իր աշխատասենյակում ձերբակալվել է։ Մանկապարտեզից հերքեցին այս լուրերը, միաժամանակ անպատասխան թողեցին հարցը, արդյոք այսօր իրավապահներ եկե՞լ են մանկապարտեզ։

Օրեր առաջ այս մանկապարտեզի սաների ծնողները Ռ. Դանիելյանի նշանակման դեմ ակցիա էին իրականացնում՝ հայտարարելով, որ նա մանկապարտեզից գողացել է երեխաների համար հատկացված սնունդը։

Ծնողներից մեկը՝ բլոգեր Տաթևիկ Հակոբյանը մանրամասնել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանի փետրվարի 19-ի կարգադրությամբ, երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով անցնող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը վերանշանակվել է նախկին աշխատանքին:

«Ներկայում Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական վարույթը: Խոսքը կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է»,-հայտնել էր նա։

Panorama.am-ը դիմել է նաև Հակակոռուպցիոն կոմիտե։ Պարզաբանում ստանալուն պես այն կհրապարակենք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թիվ 143 մանկապարտեզի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՔԿ