Էպիկական թատրոն ենք խաղում, կերպարները զերծ են ավելորդաբանություններից. Նարինե Գրիգորյանը՝ Սիմոն Աբգարյանի բերմադրած «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման մասին
Մշակույթ
17:52 24/02/2026
Հայաստան

Էպիկական թատրոն ենք խաղում, կերպարները զերծ են ավելորդաբանություններից. Նարինե Գրիգորյանը՝ Սիմոն Աբգարյանի բերմադրած «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման մասին

Փետրվարի 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին մեծ պրեմիերա է Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե»։ Պիեսի հեղինակը, բեմադրիչը և բեմանկարիչն է ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։

Ներկայացման մասին թատրոնի էջում հակիրճ նշված է. «Հունական դիցաբանության և համաշխարհային մշակույթի մեջ Պենելոպե անունը կապվում է ուժեղ կնոջ և հավատարմության գաղափարի հետ։ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։ Ներկայացման հերոսուհին՝ Դինահը, ով քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, պարզապես հավատարիմ մնալու օրինակ չէ: Դա հավատարմություն է իր աշխարհի բարոյական արժեքներին՝ ընտանիքին, սեփական արմատներին, ինքն իրեն անդավաճան մնալու իրավունքին։

Մյուս բևեռում Անթեն է, ով համառորեն փորձում է ամուսնանալ հերոսուհու հետ: Նա գիշատիչ է՝ պատրաստ ամեն ինչի՝ իր նպատակին հասնելու համար։

Ներկայացման առանձին թեմա է Էլիասի ճակատագիրը: Նա պատերազմից վերադարձել է և որդեգրել պացիֆիզմի գաղափարները։

Դասական կանոնների համաձայն ներկայացման բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը։ Հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակի օրվան՝ հոգևոր հարությանը»։

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ շատ երկար սպասված պահ է իր համար։

«2021 թվականից սկսած մտածում էի՝  ինչպես Սիմոն Աբգարյանին բերենք մեր թատրոն։ Երևի 2-3 տարի անց պարոն Դանիելյանն ինձ կանչեց Ազգային պատկերասրահ՝ ասելով, կարևոր գործ կա, գնացի, ինձ ծանոթացրեցին Աբգարյանի հետ ու այդտեղից սկսվեց երազանքի ճանապարհը»,- պատմեց Ն. Գրիգորյանը։

Նրա խոսքով, ամենամեծ իրադարձություններից մեկն այն է, որ Սիմոն Աբգարյան դրամատուրգ են բերել Հայաստան. «Շատ վատ է, որ մինչև հիմա Հայաստանում չի բեմադրվել Սիմոն Աբգարյանի գործերից։

Ես ինքս էլ կուզեմ հետագայում նրա պիեսերից մեկը բեմադրել։ Շնորհակալ եմ Սիմոնին, որ եկավ մեզ մոտ։ Գոցե նույնիսկ չգիտի, որ իր հեռախոսահամարը թաքուն գտել եմ, բայց ամաչել եմ զանգել»։

«Խաղաոճի առումով ի՞նչ նորություն բերեց Սիմոն Աբգարյանը։ Սա դրամա չէ, մենք հոգեբանական դրամա չենք խաղում, էպիկական թատրոն ենք խաղում։ Կերպարները զերծ են ավելորդաբանություններից, մաքուր, մոնումենտալ կերպարներ են»,- ասաց նա։

«Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը նվիրվում է Սոս Սարգսյանին։

Ասուլիսին ներկա Սիմոն Աբգարյանը նշեց, որ թատրոնը մարդկության հայելին, արձագանքն է, թողած ժառանգությունը ներկայացնելու միջոց է։

«Մեզ թվում է՝ արդեն կան բաներ, որոնք գիտենք, կրկնելու կարիք չկա, բայց ոչ, կրկնելով է մարդը կրթվում»,- ասաց նա։ 

Ասուլիսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց, որ սա ուժեղ կնոջ մասին ներկայացում է. «Ուղերձ է մեր հասարակությանը, երիտասարդ աղջիկներին, որ կարող եք ուժեղ լինել, ղեկավար լինել, հասնել բարձունքների, հաջողությունների»։

Ներկայացումը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծն է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էպիկական թատրոն ենք խաղում, կերպարները զերծ են ավելորդաբանություններից. Նարինե Գրիգորյանը՝ Սիմոն Աբգարյանի բերմադրած «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման մասին