Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անկանխիկի համակարգ չտեղափոխված թոշակառուների թիվը 15 հազար է. Թորոսյան
«Որոշման նախագծով նախատեսված փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է: Նոր պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու քաղաքացիներին, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացն անելու, որևէ կերպ չզրկվեն կենսաթոշակը ստանալու իրավունքից»,-կառավարության նիստում ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով ապրիլի 1-ից կենսաթոշակառուների թոշակները անկանխիկ եղանակով ստանալու որոշման կիրակումը:
Նա հայտնեց, թե նախատեսում են սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև ՄՍԾ-ի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք քարտերը ստանալու գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրավված լինել:
«Կան որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից»,-ասաց նա:
Թորոսյանը հայտնեց, որ ինքնակամ վճարման եղանակի փոփոխությունների գործընթացը շարունակվում է, և որ առավոտվա դրությամբ անկանխիկի համակարգ չտեղափոխված քաղաքացիների թիվը 15 հազար է:
Նա հայտնեց, որ գործընթացի սկզբում կար նման 50 հազար քաղաքացի և 2-3 ամիսների ընթացքում մնացածը ինքնուրույն, ՄՍԾ-ի աջակցությամբ կամ առկա ձևով դիմում գրելով կամ օնլայն դիմում գրելով արդեն իսկ տեղափոխվել են անկանխիկ թոշակի ստացման համակարգ։
«Մենք խնդիր ունենք դա անել հնարավորինս շատ, որովհետև մարտի 5-ից դա արվելու է ավտոմատ: Քաղաքացիները ավտոմատ բաշխվելու են այն բանկերի միջև, որոնք համաձայն են մասնակցել այս գործընթացին»,-ասաց Թորոյանը:
Ըստ նրա՝ քանի որ կենսաթոշակները բաշխվում են նախապես, հետևաբար այս քաղաքացիներն անկանխիկ եղանակով կստանան նաև նոր չափի կենսաթոշակները:
Նախարարության տարածած պարզաբանման մեջ ասվում է.
«Բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետևյալ շահառուների բանկային քարտերը.
. 85 տարին լրացած անձինք,
· անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք,
· 75-85 տարեկան, ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) անձանց,
· անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձինք։
Այն դեպքում, երբ օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, քարտի փոխանցումը կազմակերպվում է առաքող կազմակերպության կամ բանկի աշխատողի միջոցով՝ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ։
Նշենք, որ այս պահի դրությամբ՝ կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով է ստանում շուրջ 15,000 քաղաքացի. 2025 թվականի դեկտեմբերին տվյալ քաղաքացիների թիվը կազմել է 50,000։
Հիշեցնենք նաև, որ 2026 թ. մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության (բանկի ընտրության) դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու»։