Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե որ պաշտոնյաների պատճառով է ընդհատված եղել Հյուսիս-հարավ ճանապարհի երևանյան հատվածը. Նաիրի Սարգսյան
Քաղաքական
11:18 26/02/2026
Հայաստան

Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե որ պաշտոնյաների պատճառով է ընդհատված եղել Հյուսիս-հարավ ճանապարհի երևանյան հատվածը. Նաիրի Սարգսյան

Հյուսիս-հարավ ճանապարհի երևանյան հատվածում՝ Մալաթիա-Սբեստիա վարչական շրջանի տարածքում կիսատ մնացած շինարարության գործի քննությունն ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է։ Այն տևել է մոտ 3 տարի 4 ամիս։ Դատարանը մերժել է հողի նախկին սեփականատեր Արշակ Արշակյանի հայցն ընդդեմ Հայաստանի կառավարության։ Վերջինը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որպեսզի հնարավորինս երկարաձգի ռազմավարական  նշանակություն ունեցող միջպետական ճանապարհի՝ այդ հատվածում շինարարության ագելքը։  Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որն ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը, այսօր հրապարակել է դատավորների անուններ, որոնց որոշումների ու գործողությունների հետևանքով այդ կարևոր ճանապարհը մինչ օրս անսարք է։

Նշենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Երևանի Տիչինայի փողոցից մինչև Օհանով փողոցն ընկած հատվածում խցանումներն անտանելի են դարձել։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 350 մ երկարությամբ հատվածը տարիներ շարունակ չի կառուցվում հողատարածքի նախկին սեփականատիրոջ պառճառով, որը պահանջում է մեծ գումար։

2018-ին դատարանի վճռով ճանապարհի կառուցման համար  վիճահարույց հողամասից առանձնացվել է 503 քմ տարածք, որը 40.5 մլն դրամ փոխհատուցման դիմաց գրանցվել է ՀՀ անունով։ Սեփականատերը չի համաձայնել վճռի հետ, բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան, բայց այն մնացել է անփոփոխ։

Հողի նախկին սեփականատերը 2022-ին դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև անվավեր ճանաչել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ բոլոր իրավական փաստաթղթերը։ Դիմումն ընդունվել է  վարույթ ու որպես հայցի ապահովման միջոց դատարանն արգելել է քաղաքապետարանին որևէ շինարարություն իրականացնել։ Ասիական զարգացման բանկի պատվերով 2025-ի օգոստոսին իրականացվել է հողամասի նոր գնահատում, ինչի հիման վրա քաղաքապետարանը սեփականատիրոջն առաջարկել է 202 մլն դրամ, մոտ 5 անգամ ավելի, քան  նախկինում փոխհատուցել են։

Սեփականատերը կրկին չի համաձայնել, պահանջելով 700 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև 10 տարի օգտագործած հողի սեփականաշնորհում ու դրա դիմաց էլ փոխհատուցում։

Ավել ուշագրավ է այն, թե ո՞վ է սեփականտերը։ 

«Արշակ Արշակյանը հանդիսանում է «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու, որի մաս է կազմել Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը։ Բացի այդ, Արշակ Արշակյանի ազգակիցը՝ Կարեն Հակոբյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նրանք միասին ունեն լուսանկարներ այդ հողամասում։ Արշակյանը լուսանկարներ ունի նաև ՔՊ-ական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-Panoarama.am-ի հետ զրույցում մանրամասներ էր հայտնել հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ հիշեցնելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Ռոմիկ Մխիթարյանն է «Հանրապետություն» կուսակցությունից։

Սոցցանցերի տարբեր էջերում հրապարակած լուսանկարներում Չախոյանը ֆիքսել է, որ 2023թ. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին Ա. Արշակյանը մասնակցել է ՔՊ թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի քարոզարշավին այն պահին,  երբ  հենց այդ ճանապարհի վրա գտնվող իրենց հողամասը քանդում էին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե որ պաշտոնյաների պատճառով է ընդհատված եղել Հյուսիս-հարավ ճանապարհի երևանյան հատվածը. Նաիրի Սարգսյան