Տիկ-Տոկ-ում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատական խոսքեր ասելու համար. Փաստաբան
Իրավունք
13:04 27/02/2026
Հայաստան

Տիկ-Տոկ-ում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատական խոսքեր ասելու համար. Փաստաբան

Տիկ-Տոկ-ի հարթակում հայտնի գործիչ Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք երկու ամիս ժամկետով և բացակայելու արգելք։ Այս մասին Panorama.am-ին ասաց պաշտպան Ռոման Երիցյանը։  Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասությանը դատարանի (Սևանի դատարան) դատավոր Արամ Մարտիրոսյանը։

Ռ.Երիցյանը նշեց, որ դեռ չեն ստացել դատարանի որոշումը, բայց այն բողոքարկելու են։  

Հիշեցնենք, որ  Հայկ Եղյանի նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՔՕ 297 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ 

Երիցյանն ավելի վաղ գրել էր. «Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե’ խաղաղ և թե’ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։

Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար։

Վստահեցնում եմ, որ պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե’ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե’ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը և թե’ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը։

Հիշեցնում եմ նաև, որ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիկ-Տոկ-ում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատական խոսքեր ասելու համար. Փաստաբան