Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետությունը՝ որպես բիզնեսի թշնամի՞. Ինչու են անհատ ձեռներեցները լքում Հայաստանը
Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացել՝ կապված հարկային քաղաքականության և առողջապահական ապահովագրավճարների ներդրման հետ։ Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանում ստորագրահավաք է նախապատրաստվում՝ որպես ի պատասխան առկա հարկային խնդիրների ձեռնարկվող քայլ։
Անհատ ձեռնարկատեր և սոցիոլոգ Անահիտ Ղարիբյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝ թեև մասնավոր հատվածի աշխատողների շրջանում դժգոհության մեծ ալիք կա, գործնական քայլերն առայժմ սահմանափակվում են ներքին ցանցերով տեղեկատվության փոխանակմամբ։
«Այս պահին մենք հաշվապահների միջոցով տարածում ենք տեղեկատվությունը։ Երբ քանակը հասնի բավարար մակարդակի՝ 100- 200-ից անցնի, արդեն հանրայնորեն կհրապարակենք։ Կարիք կլինի նաև հանրային իրազեկման, որպեսզի ավելի լայն խմբեր միանան այդ վրդովմունքին»,- մանրամասնեց նա։
Այս բողոքի հիմքում ընկած է տնտեսական քաղաքականությունը, որը, ըստ Ղարիբյանի, ՓՄՁ-ների նկատմամբ չափազանց ռեպրեսիվ է։ Բիզնեսի ներկայացուցիչները կանգնած են ընտրության առջև՝ կա՛մ լքել երկիրը, կա՛մ փակել գործունեությունն ու անցնել ստվերային դաշտ, քանի որ հարկային բեռը դարձել է անտանելի։
«Շրջանառության հարկի 5%-ը դարձավ 10%, հիմա էլ ավելացավ ապահովագրավճարը, ինչը մեր ծախսերը բարձրացնում է առնվազն ևս 5%-ով։ Արդյունքում, եթե հաշվարկենք բոլոր պարտադիր վճարները՝ սոցվճարը, եկամտային հարկը և շրջհարկը, պետությունը 2,4 միլիոն դրամ շրջանառություն ունեցողից վերցնում է մոտ 22% հարկ»,- շեշտեց Ղարիբյանը։
Հենց այս պայմաններն են ստիպում բազմաթիվ մասնագետների իրենց գործունեությունը տեղափոխել Վրաստան, որտեղ հարկային դաշտն ավելի մարդակենտրոն է, իսկ թվային հարթակները՝ ավելի հեշտ ու հասկանալի։ Ղարիբյանի խոսքով՝ «տնտեսական միգրացիան» Հայաստանում մեծ թափ է հավաքում, և մարդիկ պարզապես ճանապարհներ են փնտրում պետական ճնշող քաղաքականությունից «ճողոպրելու» համար։ Նա նշեց, որ իր ռեսուրսների մի մասը նույնպես տեղափոխել է Վրաստան, քանի որ Հայաստանում այդ խնդիրների հետևից գնալը՝ դատական հայցերով կամ ակցիաներով, դարձել է անիմաստ ժամանակի վատնում։
Խնդիրը միայն բարձր հարկերը չեն, այլև պետական կառույցների հետ հաղորդակցության բացակայությունը։ Ղարիբյանը պատեց ՊԵԿ սպասարկման կենտրոնների հետ իր փորձառության մասին, որտեղ աշխատակիցները հաճախ չեն ներկայանում և քաղաքացիների հետ խոսում են «պատժիչ համակարգի» ներկայացուցչի պես։
«Մենք զանգում ենք հարց տալու, իսկ մեզ հետ խոսում են այնպես, կարծես մենք հանցագործ լինենք։ Այդ վարչահրամայական համակարգը չի կարողանում մարդկանց սպասարկել։ Հիմա հարց է առաջանում՝ եթե գնանք միտինգի, ի՞նչ պահանջենք. որ հարկերը ցածր լինե՞ն, թե՞ որ պետական աշխատողը բարեվարք լինի ու մեր հարկերով աշխատավարձ ստանալով՝ մեզ հետ շփվելու ձև իմանա»։
Առանձնահատուկ մտահոգության առիթ է առողջապահական պարտադիր ապահովագրավճարների ներդրման մեխանիզմը։ Ղարիբյանն ընդգծեց, որ պետությունը պարտադրում է վճարել՝ առանց որևէ հստակ մեխանիզմի կամ իրազեկման, ինչը ոչ միայն անտրամաբանական է, այլև անվստահություն է առաջացնում։ Իրավիճակը հասնում է աբսուրդի. պարտադրում են վճարել, իսկ հետո առաջարկում են դիմում գրել՝ գումարը հետ ստանալու համար, եթե պարզվի, որ անձը, օրինակ, ֆիզիկական անձ է կամ արդեն իսկ վճարել է սոցվճարներ։
«Դուք հասկացել եք, որ ոչ մի ռեսուրս չունեք դա կարգավորելու համար, դրա համար պարտադրում եք ինձ վճարել, որ հետո ես ընկնեմ դիմումների ու քաշքշուկների մեջ՝ իմ իսկ գումարը հետ ստանալու համար։ Ես բացարձակ չեմ վստահում, որ այդ փողը հետ եք տալու։ Ոլորտում «շունը տիրոջը չի ճանաչում», ու փոխանակ կամավորության սկզբունք դնեն, ուղղակի պարտադրում են՝ որովհետև փող է պետք»,- ասաց Ղարիբյանը։
Նա նաև մատնանշեց հարկային համակարգի «թակարդները», ինչպիսին է շրջանառության հարկի հայտարարության բաց թողնումը, որի դեպքում ԱՁ-ն ավտոմատ հայտնվում է ԱԱՀ-ի դաշտում։ Նա ներկայացրեց իր անձնական փորձը, երբ իրեն ստիպել են հարկեր վճարել ավտոմատ ընտրված ԱԱՀ համակարգով, ինչը նրան արժեցել է ավելի քան 2 միլիոն դրամ։
Վերջում Ղարիբյանը նշում է, որ շատերը խուսափում են հանրային ակցիաներից, քանի որ Հայաստանում ցանկացած տնտեսական բողոք արագորեն փորձում են տեղափոխել քաղաքական դաշտ։
«Մարդիկ չեն ուզում բարձրաձայնել, որովհետև գիտեն՝ տարբեր բևեռներ սկսելու են շահարկել այդ խնդիրը։ Իշխանությունն ասում է՝ դուք քաղաքական ուժ եք ներկայացնում, դրա համար հարցը չենք լուծում, իսկ ընդդիմադիրներն ուզում են օգտագործել մեզ՝ ցույց տալու համար, թե որքան վատ է կառավարումը։ Մենք չենք ուզում դառնալ «ռազբորկեքի» առիթ, մենք ուզում ենք ռեալ տնտեսական լուծումներ»,- նշեց Ղարիբյանը։
Նա դեռևս փորձում է հասկանալ՝ ինչպես հասնել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների հետ քննարկումների, քանի որ պայքարի հին մեթոդները, իր խոսքով, չեն աշխատում, իսկ համակարգային փոփոխությունները պահանջում են ոչ թե քաղաքականացված աղմուկ, այլ փորձագիտական ու հաշվապահական լուրջ մոտեցում։