Պաշտոնապես հաստատվեց Ալի Խամենեի մահը, երկրի ղեկավարումն իր ձեռքն է վերցնում «երեքի խորհուրդը»
Քաղաքական
08:47 01/03/2026
Տարածաշրջան

Պաշտոնապես հաստատվեց Ալի Խամենեի մահը, երկրի ղեկավարումն իր ձեռքն է վերցնում «երեքի խորհուրդը»

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը գրում է.

«Իրանի Ֆարս և Թասնիմ գործակալությունները հաստատեցին Իրանի առաջնորդ Ալի Խամենեին վախճանվել է երեկվա ամերիկա-իսրայելական զանգվածային ռազմական հարվածների հետևանքով: Զոհվել է նաև Իրանի Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Մոհամմադ Փաքփուրը։ Թիրախում են եղել նաև երկրի նախագահը Մասուդ Փեզեշքյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ով վերջին հանձնարարականի համաձայն՝ հնարավոր ճգնաժամային իրավիճակում պետք է կառավարեր գործընթացները, ինչպես նաև ԶՈւ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Իրանի պետական համակարգը, որը մինչ այժմ կայուն էր և որևէ ճաք չէր ցույց տալիս, կարող է չդիմանալ այս հարվածներին։ Աստված տա, որ մեր հարևանությամբ քաոսային իրավիճակ չստեղծվի և հնարավոր լինի ձևավորել այնպիսի անցումային գործընթաց, որը կբավարարի Իրանի ժողովրդին։

Մոհամմեդ Մողբերը ԻԻՀ առաջին փոխնախագահը, պաշտոնապես հայտարարել է, որ երկրի ղեկավարումը իր ձեռքն է վերցնում երեքի խորհուրդը ՝ Նախագահ, Դատական համակարգի ղեկավար և Սահմանադրության պահապանների խորհրդի մեկ ներկայացուցիչ: ...... Եթե համակարգը դեռևս վերագործարկվելու հնարավորություն ունի, ապա Բանիմացների խորհուրդը պետք է ընտրի հաջորդ առաջնորդին՝ համաձայն ԻԻՀ Սահմանադրության 111-րդ հոդվածի։ Եթե Մոջթաբա Խամենեին՝ Խամենեի որդին, ողջ է, և եթե ողջ է նաև Ալի Լարիջանին (երկուսի ողջ կամ մահացած լինելու վերաբերյալ հստակ տեղեկություն չկա), ապա վերջինս կարող է կազմակերպել Մոջթաբայի ընտրությունը Բանիմացների խորհրդում։

Սակայն Իսրայելը կտրականապես դեմ է, որ Իրանում կրկին հոգևոր դասի ներկայացուցիչներ լինեն իշխանության վերնախավում։ Իրանը 90 միլիոն բնակչություն ունեցող պետություն է, և ժողովրդի մեծ մասը իսլամական արժեքների կրող է։ Այսպիսով, հնարավոր է ականատես լինենք երկու հակադիր շահերի բախման, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտոնապես հաստատվեց Ալի Խամենեի մահը, երկրի ղեկավարումն իր ձեռքն է վերցնում «երեքի խորհուրդը»