Ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
22:30 02/03/2026
Հայաստան

Ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա. Նիկոլ Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

Նա շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար և ընդգծել, որ չափազանց կարևոր է դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերի և նշանակության գիտակցումը մեր երկրի զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերին պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ անվտանգություն ասելիս սովորաբար միշտ հասկացել ենք բանակ. «Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա կամ այդքան նշանակում է անվտանգության իրադրությունը կամ վիճակը բարվոք չէ, և ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, ինչպես ընդունված է ասել, նշանակում է անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա...

Եվ այս առումով, իհարկե, այն իրադրությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում արտաքին քաղաքական միջավայրի առումով, կարծում եմ՝ բավականին շոշափելի և մեծ ձեռքբերում է: Բայց նաև պետք է չմոռանանք, ի վերջո, մեր դիվանագիտական գործունեության, արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը. այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է՝ մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է, որովհետև դա էլ է խնդիր, երբ այդքան շատ կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը, իհարկե, կենսական անհրաժեշտություն է, բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը և անվտանգության մեր կարիքը, այդքան նշանակում է, որ ուղղակի հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից...

Շատ կարևոր է, որ մենք գնահատենք այն խաղաղությունը, որ ունենք: Շատ կարևոր է, որ գնահատենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որն ունեն... Այդ ձեռքբերումները պետք է կարողանանք պաշտպանել, որովհետև կարծում եմ, որ իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից: Բայց սա էլ չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան: Սա աշխատանքի արդյունք է, հետևողական և գիտակցված աշխատանքի արդյունք է»,-մասնավորապես հայտարարել է Փաշինյանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա. Նիկոլ Փաշինյան