Միջազգային հեղինակավոր բուհերն ավարտող ՀՀ քաղաքացիներն առնվազն 3 տարի Կառավարության սահմանած կարգով աշխատելուց հետո կազատվեն զինծառայությունից
Կրթություն, գիտություն
16:59 03/03/2026
Հայաստան

Միջազգային հեղինակավոր բուհերն ավարտող ՀՀ քաղաքացիներն առնվազն 3 տարի Կառավարության սահմանած կարգով աշխատելուց հետո կազատվեն զինծառայությունից

ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության նախագիծը։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացված առաջարկները հիմնականում խմբագրական բնույթի են։

Նախարարի խոսքով՝ դրանք վերաբերել են առաջարկվող կարգավորումների հստակեցմանը և ձևակերպումների՝ առավել միանշանակ մեկնաբանությանը։ Հաջորդաբար, ենթաօրենսդրական ակտի մշակման փուլում ևս ընթացակարգերը կհստակեցվեն, և այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նախագծի նպատակը մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ Կառավարության քաղաքականության շարունակականության ապահովումն է։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Շանհայի վարկանիշավորման սանդղակի առաջին 50 տեղերում ընդգրկված համալսարաններում ներկայում սովորող և ապագայում ուսումնառություն իրականացնող ուսանողներին հնարավորություն տալ ուսումնառությունն ավարտելուց, համապատասխան կրթական աստիճան ստանալուց հետո վերադառնալ Հայաստան, առնվազն երեք տարի աշխատել Կառավարության սահմանած կարգով և համապատասխան ոլորտներում, այնուհետև ստանալ զինվորական ծառայությունից ազատման հնարավորություն։

«Նախագծի նպատակը ձևավորված որակյալ մարդկային ներուժի նպատակային օգտագործումն է՝ ի նպաստ մեր երկրի զարգացման օրակարգի։ Այդ համալսարաններում ուսումնառությունը տալիս է գիտելիքի և հմտությունների պաշար, որը վստահաբար կարող է ծառայել տարբեր ոլորտներում պետության զարգացմանը՝  նպաստելով իրական արդյունքի  ձևավորմանը և հանրային ու տնտեսական կյանքի առաջընթացի։ Վստահ եմ՝ այս նախաձեռնությանը սպասում են հազարավոր քաղաքացիներ։ Այդ պատճառով էլ ենթաօրենսդրական ակտի մշակման համար սահմանվել է առավելագույնս կարճ ժամկետ», - նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ օրենքի ընդունումից հետո երկամսյա ժամկետը բավարար կլինի Կառավարության համապատասխան որոշումն ընդունելու համար, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի և կիրառվի ուսումնառությունը շարունակող և ավարտական կուրսերում սովորող ուսանողների նկատմամբ։

«Հաշվի առնելով քննարկման շրջանակը և ենթաօրենսդրական ակտի շուրջ արդեն կատարված աշխատանքը՝ կարծում եմ՝ հասել ենք այն փուլին, երբ կարող ենք լիարժեք հաստատել այս մեխանիզմը՝ ձևավորելով ևս մեկ ինստիտուցիոնալ խողովակ մեր երկրի մարդկային կապիտալի զարգացման համար», - եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միջազգային հեղինակավոր բուհերն ավարտող ՀՀ քաղաքացիներն առնվազն 3 տարի Կառավարության սահմանած կարգով աշխատելուց հետո կազատվեն զինծառայությունից