Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գրողն իրավունք չունի փչացնել գրականություն, փչացնել իրականություն. ՀԳՄ-ում նշվեց Դավիթ Մուրադյանի 75-ամյակը
«Ո՞վ է գրողը»։ Հենց այս հարցադրումով իր ելույթը սկսեց արձակագիր, դրամատուրգ, կինոգետ Դավիթ Մուրադյանը՝ Գրողների միությունում իր ծննդյան 75-ամյակին նվիրված գրական ցերեկույթի ժամանակ։
Հարցին պատասխանելու համար նա նախ մեջբերեց ճապոնացի միջնադարյան բանաստեղծներից մեկի խոսքը. «Երբ մտադիր ես գրել ճերմակ թղթի վրա, մի պահ մտածիր, թե որքան գեղեցիկ է այդ թուղթը», ապա շարունակեց. «Գրողն իրավունք չունի փչացնել գրականություն, փչացնել իրականություն։ Սա ծանր և սուրբ պարտականություն է գրող մարդու համար»։
Նա նշեց, որ իր շուրջ հավաքված գրչակից ընկերներն երբեք չեն փչացնում գրականությունը՝ ոչ միայն շարադրանքի, նաև էության առումով. «Նրանք ազնվորեն են քայլում հայկական իրականության լայնքով և երկայնքով, ինչի համար ես չափազանց ուրախ եմ, որ այստեղ եմ, իրենց մեջ եմ, իրենց հետ եմ»։
Դավիթ Մուրադյանն ասաց, որ համառորեն շարունակում է գրել ու իր փոքրիկ, նեղլիկ գրասեղանի վրա կամաց-կամաց հավաքվում է իր հաջորդ գիրքը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, խոսելով Դավիթ Մուրադյանի մասին, նշեց, որ «Դավիթն առանց կինոյի, կինոն առանց Դավիթի դժվար է պատկերացնել»։
«Դավիթը միշտ էլ ապացուցել է, որ իր ինքնագիտակցությունը շատ բարձր է։ Դավիթը լանախոհությամբ միշտ զրույցի ճանապարհ է բացում։ Տաղանդավոր մարդ է։ Տարբեր տարիներին պաշտոններ է զբաղեցրել, բայց ծառայեցրել է մշակույթի զարգացմանը։
Նրա ուսանողները շատ բան կլսեն Դավիթ Մուրադյանից, շատ բան կմտածեն։ Չգիտեմ՝ ինչ կսովորեն կամ չեն սովորի, բայց կմտածեն, իսկ ամենակարևոր բանը, որ մարդը կարող է թելադրել, դա մարդուն մտածելու մղելն է, որպեսզի մարդն ընկալի, թե ինչի համար է ապրում, ինքն ով է»։
Արձակագիր, պրոֆեսոր Ռոլանդ Շառոյանը նշեց, որ մշակութաբաններն անձրևի հատկություն ունեն՝ նրանք մաքրում են սխալների հետքերը, ճանապարհներ են բացում. «Մշակութաբաններն օր ու գիշեր հետևում են մշակույթի և գրականության ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին, արարումներին։
Դավիթ Մուրադյանը մշակութաբանի և գրականագետի իր փայլուն իմացությունը ծառայեցրել է մշակույթի, արվեստի բոլոր ասպարեզներում արարելու համար»։

Հայաստանի արվեստի վաստակավոր գործի Դավիթ Մուրադյանի առաջին գիրքը հրատարակվել է 1976 թ.։ Հետագայում հեղինակել է ևս 8 գիրք։ Ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է։ 2003 թվականին նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղն արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն պիես»։
Մամուլում տպագրվում է 1969 թվականից։
Մուարդյանի գործերը թարգմանվել են ուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն։