Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին 4 ամսում անչափահասների կողմից իրենց հասակակիցներին դաժան ծեծի 4 դեպք է արձանագրվել․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը ԱԺ-ում կառավարության հետ հարուցուպատասխանի ընթացքում անդրադարձավ հասարակության մեջ տիրող բռնության մթնոլորտի և հանցավորության վրա վերջինիս ունեցած ազդեցությանը։
Նա նշեց, որ գրեթե ամեն օր համացանցում հանդիպում ենք կենցաղային բնույթի հանցագործությունների, սպանությունների կամ ինքնասպանությունների մասին լուրերի։ Պատգամավորին մտահոգում է դեպքերի դինամիկան։
«Վերջին 4 ամսում անչափահասների կողմից իրենց հասակակիցներին դաժան ծեծի 4 դեպք է արձանագրվել։ Նոյեմբերին՝ Զորականի պետական քոլեջում, դեկտեմբերին՝ Իջևանի դպրոցում, փետրվարին՝ Ջրաշենի դպրոցում, փետրվարի 23-ին՝ Երևանի 82 դպրոցում։ Չեմ բացառում, որ կան դեպքեր, որոնք չեն արձանագրվում։ Այսօր համացանցում ևս դպրոցներից մեկում նորից բռնության մի դեպքի ականատեսը եղանք»,- ասաց քաղաքական գործիչը։
Անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին Գալստյանը նշեց, որ ինքնասպանությունները կամ սպանության հասցնելը շարունակում են մնալ պարտադիր ժամկետային զինծառայողների մահացության հիմնական պատճառներից մեկը, ինչը փաստում է՝ բանակում դեռևս չհաղթահարված ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։
«Ըստ ՀԿ-ների զեկույցի՝ 2024 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է 36 զինծառայող, 2025-ին՝ 34։ Հարցս այսպիսին է՝ ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում կամ ձեռնարկվում այս ուղղությամբ։ Կա՞ն արդյոք համապատասխան ուսումնասիրություններ՝ պատասխանատվության ենթարկված պաշտոնյաների մասին։ Վերջերս խոսվում էր հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության մասին, ի՞նչ փուլում է այն և ի՞նչ հետևությունների մասին կարող ենք այս պահին խոսել»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոսեց երկրում առկա քրեական ենթամշակույթից, որն արդեն վերածվել է մշակույթի և որին առնչվում են բոլորը՝ այդ թվում կուսակցությունները։
«Մինչև Հայաստանում էս քրեական ենթամշակույթը դուրս չի եկել, չեմ ասում՝ ուրիշների միջից, մեր միջից, անընդհատ այդ պրոբլեմներն ունենալու ենք։ Քրեականը ենթամշակույթի չի, քրեականը մշակույթ է, ենթամշակույթը մնացած հատվածն է։ Եկեք լուծենք էս հարցը, լուծելու համար, բայց պետք է առերեսվենք այդ հարցի հետ»,- ասաց Փաշինյանը։
Արձագանքելով Փաշինյանին՝ Գալստյանն ասաց․ «Ես Ձեզ կոնկրե՛տ հարց տվեցի։ Դուք ինձ տվեցիք, ուղղակի, զրուցարանի, հայերը դրան «բիսետկա» են ասում, կենցաղային մակարդակի մի պատասխան, բայց ոչ կառավարության և իշխող քաղաքական ուժի պատասխանատվություն կրող անձի պատասխան»։