«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը
Օրվա մամուլ
08:10 06/03/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից՝ համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված համայնքի ղեկավար ընտրվելուց հետո։ Մինչ այդ նա աշխատել է ոստիկանությունից մինչև հանքարդյունաբերությունում, անգամ՝ հյուրանոցային ադմինիստրատոր։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, որը բացահայտում է պաշտոնյայի ունեցվածքը, ֆինանսական միջոցներն ու եկամուտները։

Հայտարարագրում ներկայացված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը հայտարարագրել է մի շարք անշարժ գույքեր, կանխիկ դրամական միջոցներ և պետական աշխատավարձից ստացված եկամուտներ։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը առաջացնում է նաև որոշ հարցադրումներ՝ կապված գույքի ձեռքբերման ժամանակի, ֆինանսավորման աղբյուրների և ֆինանսական ակտիվների ներկայացման հետ։

Հայտարարագրի համաձայն՝ Նարեկ Հարությունյանը 6 միավոր անշարժ գույք է հայտարարագրել, որոնցից հինգը գտնվում են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում։

Դրանք են՝ 4 հողամաս – համատեղ սեփականություն, Կոտայքի մարզ, Մեղրաձոր, ձեռքբերման տարեթիվ՝ 19.03.1991, ձեռքբերման եղանակ՝ «այլ», 1 անհատական բնակելի տուն տնտեսական շինություններով - համատեղ սեփականություն, Կոտայքի մարզ, Մեղրաձոր, ձեռքբերման տարեթիվ՝ 19.03.1991, ձեռքբերման եղանակ՝ «այլ», 1 բնակարան Երևանում – Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, համատեղ սեփականություն, ձեռքբերվել է 01.12.2020 թվականին՝ գնման եղանակով։ Այսպիսով, պաշտոնյայի հայտարարագրած գույքի մեծ մասը գտնվում է նրա հայրենի համայնքում՝ Մեղրաձորում, իսկ միակ քաղաքային անշարժ գույքը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գնված բնակարանն է։

Հարությունյանի հայտարարագրում նշվում է, որ նրա անունով տրանսպորտային միջոցներ գրանցված չեն։

Հայտարարագրում նշված է նաև, որ համայնքի ղեկավարը բանկային հաշիվներում գումարներ չունի, հայտարարագրել է 3 միլիոն դրամ կանխիկ գումար։ Հակառակ Նիկոլ Փաշինյանի պահանջներին՝ բոլոր գործարքներն իրականացնել անկանխիկ եղանակով, Ծաղկաձորի քաղաքապետի բանկային հաշիվները տարիներ շարունակ 0 են։

Հաշվետու տարում Նարեկ Հարությունյանի հայտարարագրած եկամուտները կազմել են ընդհանուր 10,632,143 դրամ։ Այդ թվում՝ 10,032,143 դրամ - աշխատավարձ Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմից, 600,000 դրամ – այլ եկամուտ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄՍԾ Հրազդանի տարածքային կենտրոնից։

Նարեկ Հարությունյանի աշխատանքային կենսագրությունը հիմնականում կապված է Մեղրաձոր համայնքի և հանքարդյունաբերության ոլորտի հետ։

Նա եղել է՝ 2021 թ. դեկտեմբերի 20-ից՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար, 2020 թ. փետրվարի 4-ից՝ Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2017–2020 թթ.՝ Մեղրաձոր համայնքի ղեկավարի տեղակալ, աշխատել է նաև ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում՝ որպես տեսուչ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ում՝ ինժեներ հաշվառողից մինչև բաց հանքի տեղամասի ղեկավար կազմի ներկայացուցիչ, աշխատել է նաև հյուրանոցային ոլորտում՝ որպես ադմինիստրատոր։

Հավելենք, որ Նարեկ Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Հայտարարագրում ներկայացված տվյալները, սակայն, առաջացնում են մի շարք հարցեր։

Առաջինը վերաբերում է տրանսպորտային միջոցների բացակայությանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ենթադրում է ակտիվ տեղաշարժ, սակայն հայտարարագրում որևէ մեքենա նշված չէ։

Երկրորդ հարցը վերաբերում է բանկային հաշիվների բացակայությանը։ Թեև համայնքի ղեկավարի աշխատավարձը սովորաբար փոխանցվում է բանկային ճանապարհով, հայտարարագրում հաշիվների մնացորդներ նշված չեն։

Երրորդ կարևոր հարցադրումը կապված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում 2020 թվականին գնված բնակարանի հետ։ Հայտարարագրում նշված չէ այդ գույքի ձեռքբերման ֆինանսավորման աղբյուրը՝ արդյոք այն ձեռք է բերվել անձնական խնայողություններով, վարկային միջոցներով, թե այլ ֆինանսական աղբյուրներով։

Այսպիսով, Ծաղկաձորի համայնքի ղեկավարի ներկայացրած հայտարարագիրը ցույց է տալիս համեմատաբար սահմանափակ ֆինանսական ակտիվներ, սակայն միաժամանակ թողնում է մի շարք բաց հարցեր, որոնք հետաքրքրության առարկա կարող են դառնալ թե՛ հանրության, թե՛ վերահսկող մարմինների համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը