Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե ժողովրդավարությունն այս իշխանության համար գոնե ինչ-որ բազային բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին. Նարեկ Կարապետյան
«Այս իշխանությունները կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղյալ հայտարարել, իրենք փոքրիկ խմբակով հավաքվեն ու որոշեն, թե նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ»,-ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանամերձ շրջանակներում խոսակցություններ կան, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը չպետք է թույլ տրվի գրանցվել, որպեսզի մասնակցեն ընտրություններին։
Նա նշեց, որ կա ժողովրդավարություն, կա մարդկանց կարծիք, իրենց թույլ տալով կամ չտալով չէ, Սահմանադրությամբ է:
«Եթե ժողովրդավարությունն իրենց համար գոնե ինչ-որ բազային բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ որ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չտան մասնակցել ընտրություններին:
Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ ճանապարհ կբացի Հայաստանի համար. կփակի Հայաստանի համար բազմաթիվ ճանապարհներ ու Հայաստանին կթողի նույն՝ 2021 թվականի շրջափուլի մեջ: Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որպեսզի այս իրավիճակից ելնենք»,- ասաց Ն. Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ իրենք առաջարկում են երկրի փոփոխության ծրագրեր, ոչ թե մարդկանց դեմքերի փոփոխության:
«Եթե իրենք մեր ասած փոփոխությունը արած լինեին, մեր կարիքը չէր լինի, հասարակությունը մեր պահանջը չէր զգա, հիմա հասարակությունը զգում է նոր առաջնորդության ու փոփոխության պահանջ: Մենք կառաջարկենք, ժողովուրդը թող որոշի, իրենք թող 100 հազարավոր մարդկանց կարծիքի փոխարեն չորոշեն»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Հարցին՝ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար սոցհարցման արդյունքներ են հրապարակում, որոնց համաձայն իրենք հաղթում են, Նարեկ Կարապետյանն ասաց. «Վերջապես, հարցումն ավարտելուց և մի քանի շաբաթ հարցման արդյունքների վրա աշխատելուց հետո հրապարակել են ամերիկյան ամենահեղինակավոր IRI ընկերության հարցման տվյալները։ Ընդդիմության ձայների հետ կապված կա բավականին տարօրինակ դինամիկա։
Բայց անգամ իրենց արած հարցումներով՝ 53 տոկոս հավաքած իշխանությունը 24 տոկոս է հավաքել՝ երկու անգամ քիչ։ Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ։
Անգամ իրենց խմբագրած հարցման արդյունքով իրենք խնդիր ունեն, ու իրենք գիտեն այդ խնդիրը, գիտեն, որ հասարակության մեծ մասը հիասթափված է»։
Ն.Կարապետյանը նշեց, որ հարցումն իրականացվել է մինչև իրենց կուսակցության հիմնադրման նիստը, մինչև Սամվել Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու հայտարարելը։