Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քույրս զոհվել է 2022 թ-ին. կին լինելով դիրքը չի զիջել, ինչո՞ւ պետք է այսօր Ադրբեջանն առանց որևէ փամփուշտ կրակելու առաջ գա. Լալա Աբգարյան
«Մեր կոլխոզի նիստերից մեկի ժամանակ, իսկ ԱԺ-ի նիստերն այլ կերպ չեմ կարող անվանել, պարոն Պապիկյանն ասաց, թե ստում ենք»,-2025 թ.-ին ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցիների ներխուժման փաստերը ՊՆ ներկայացնելիս ասաց «Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Աբգարյանը։
Նա հիշեցրեց, որ 2023 թվականին ունեցել ենք 207 զոհ և նրանցից ոչ մեկին ԱԺ նիստերում չեն հիշել։
«Քույրս զոհվել է 2022 թ սեպտեմբերի 13-ին, կին լինելով, չի նահանջել, դիրքը չի զիջել, ինչո՞ւ պետք է այսօր Ադրբեջանը առանց որևէ փամփուշտ կրակելու առաջ գա»,-հայտարարեց Աբգարյանը՝ նշելով, որ հարցն ուղղում է Պապիկյանին։
Նա պաշտպանության նախարարին հորդորեց իրենց չմեղադրել ստելու մեջ, այլ պատասխանի, թե ինչու է թաքցնում տարածքներ զիջելու փաստերը։
Նշելով, որ դիրքերում կանգնած զինվորները և նրանց ընտանիքները հաստատ գիտեն թե ինչ է կատարվում՝ զոհված կին զինծառայողի քույրը հարցրեց իշխանություններին, թե ինչու են սահմանապահի մեջքը կոտրում, չեն կանգնում նրանց մեջքին, որ սահմանն անառիկ պահեն։
«Եթե մտածում եք, ոչինչ. այս լեռան գագաթին տարվա մեծ հատվածը ձյուն է, ապա այն ձեր համար է ձյուն, իսկ մեր համար հայրենիք է, եթե ձեր համար որևէ քաղաք դժգույն է, ապա մեր համար այն հայրենիք է։ Հուսով եմ, որ մեկ քայլ շուտ կլքեք այս իշխանությունը և կթողեք ժողովուրդն ապրի»,- հայտարարեց Լալա Աբգարյանը։