Ինչպես է տեղի ունեցել Փարաքարի համայնքապետի և ընկերոջ uպանnւթյnւնը. մանրամասներ է ներկայացնում դատախազը
Իրավունք
15:23 10/03/2026
Հայաստան

Ինչպես է տեղի ունեցել Փարաքարի համայնքապետի և ընկերոջ uպանnւթյnւնը. մանրամասներ է ներկայացնում դատախազը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր կայացել է Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։

Մեղադրողը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։ Նա հայտարարեց, որ Գևորգ Հարությունյանը Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, Արծրուն Գալստյանին վրեժի շարժառիթով կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ 2025 թ. սեպտեմբերի 23-ին ժամը 23.43-ին կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, սպանել Վոլոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, փորձելով սպանել Արծրուն Գալստյանին։ 

Նարեկ Օհանյանը օժանդակել է Գևորգ Հարությունյանին՝ նախապես տրամադրել է իր տունը, միջոցներ է ձեռնարկել հանցագործության հետքերը՝ սպորտային կոշակները, հագուստները, դիմակը, պայուսակն այրելու միջոցով վերացնել, որի համար ձեռք է բերել դյուրավառ հեղուկ և թողել բակում։  

Հիշեցնենք՝  2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ  սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանին։  Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

Մեղադրանքի համաձայն. Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Սոսի Օհանյանի կողմից հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակությամբ, վրեժի շարժառիթով դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի առնվազն 28 փամփուշտներով, որից Վալոդյա Լևոնի Գրիգորյանին, Արծրուն Անուշավանի Գալստյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շրժառիթով կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ սպանելով Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և փորձել է սպանել Արծրուն Գալստյանին:

Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակել է իր համագյուղացի և ընկեր Գևորգ Արտյոմի Հարությունյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, Վալոդյա Լևոնի Գրիգորյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանելուն, իսկ Արծրուն Անուշավանի Գալստյանի նկատմամբ սպանության փորձ կատարելուն՝ պայմանավորված իր հարազատ եղբոր՝ Գրիգոր Սոսի Օհանյանի, 2025թ. փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանության հանգամանքով:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպես է տեղի ունեցել Փարաքարի համայնքապետի և ընկերոջ uպանnւթյnւնը. մանրամասներ է ներկայացնում դատախազը