Նարեկ Օհանյանը պնդել է՝ Վալոդյա Գրիգորյանն իր եղբոր uպանnւթյшն դեպքին մասնակցություն չի ունեցել, որտեղի՞ց իրավապահներին այն տեսակետը, թե նա վրեժի զգացում է տածել Գրիգորյանի նկատմամբ. Փաստաբան
Իրավունք
17:59 10/03/2026
Հայաստան

Նարեկ Օհանյանը պնդել է՝ Վալոդյա Գրիգորյանն իր եղբոր uպանnւթյшն դեպքին մասնակցություն չի ունեցել, որտեղի՞ց իրավապահներին այն տեսակետը, թե նա վրեժի զգացում է տածել Գրիգորյանի նկատմամբ. Փաստաբան

«Առաջադրված մեղադրանքում արարքի փաստական կողմն ամբողջական չի ներկայացվել, որի արդյունքում հանցավոր արարքներին տրվել է սխալ իրավաբանական որակում»,- Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայացած դատական նիստի ժամանակ հայտարարեց Գրիգորյանների ներկայացուցիչը։

Պաշտպանը հայտարարեց, որ մինչև դեպքը Վալոդյա Գրիգորյանը բացարձակապես չի ճանաչել և չի շփվել Գևորգ Հարությունյանի հետ, ով մեղադրվում է Գրիգորյանի սպանության մեջ։

«2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավանում Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի սպանության դեպքին Վալոդյա Գրիգորյանը ոչ ներկա է գտնվել, ոչ էլ առնչություն է ունեցել, այդ գործի նախաքննության ընթացում նույնիսկ վկա չի հարցաքննվել»,- հայտարարեց փաստաբանը։

Փաստաբանը նաև հիշեցրեց, որ Վալոդյա Գրիգորյանը «Միասնություն» դաշինքի առաջին համարն էր, ով 2025 թ. մարտի 30-ին հաղթել էր Փարաքարի համայնքապետի ընտրություններում:

«Մերձավանի այդ ժամանակ գործող համայնքապետ Մհեր Ախտոյանը, որն այս քրեական գործով կասկածվում է ենթադրյալ հանցանքի կատարման կազմակերպիչ, քանի որ, ըստ քրեական վարույթի նյութերի, 2025-ի փետրվարի 5-ի դեպքից հետո հայտարարել էր՝ «Վալոդիկ, գլուխդ ուտելու եմ»։ Սա տեսաձայնագրված է, վարույթ իրականացնող մարմինն ունեցել է այս տեսագրությունը։

Վալոդյա Գրիգորյանն իրականացրել է քաղաքական գործունեություն։ Նման պայմաններում տուժող կողմը գտնում է, որ Գևորգ Հարությունյանին մեղադրանք պետք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ քաղաքական գործունեություն իրականացնող անձի սպանություն»,- ասաց փաստաբանը։ 

Տուժող կողմից մյուս ներկայացուցիչը նշեց. «Ոչ թե գործ ունենք զուտ հասարակ մարդու՝ վրեժի շարժառիթից ելնելով սպանության հետ, այլ գործ ունենք բոլորովին այլ նպատակներից, բոլորովին այլ դրդապատճառներով իրականացված քաղաքական գործչի սպանության հետ»։ 

Մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Օհանյանին պարզաբանված չէ մեղադրանքի էությունը։

«Նարեկ Օհանյանը պնդել է և պնդում է, որ Վալոդյա Գրիգորյանն իր եղբոր սպանության դեպքին որևէ մասնակցություն չի ունեցել և չունի։  Հետևաբար, մեզ պետք է պարզաբանել, թե որտեղի՞ց է վարույթ իրականացնող մարմնի այն տեսակետը, թե Նարեկ Օհանյանը վրեժի զգացում է տածում Վալոդյա Գրիգորյանի նկատմամբ: Մի պահ ընդունենք, որ, իրոք, Նարեկ Օհանյանը վրեժ է տածել Վալոդյա Գրիգորյանի նկատմամբ և ցանկացել է սպանել նրան, բա Կարեն Աբրահամյանի ու Արծրուն Գալստյանի  նկատմամբ Նարեկ Օհանյանը ի՞նչ վրեժ ուներ, եթե անգամ վարույթ իրականացնող մարմինն է փաստում, որ Կարեն Աբրահամյանը ու Արծրուն Գալստյանը  փետրվարի 5-ի դեպքին որևէ կապ չունեն։ Սա պարզաբանման ենթակա հանգամանք չէ՞, հարգարժան դատարան։ Մինչև հիմա չգիտենք՝ մենք ինչից պաշտպանվենք։ Մեղադրանք է ներկայացվել վրեժի  շարժառիթով Արծրուն Գալստյանի սպանության փորձ, Կարեն Աբրահամյանի սպանություն։ Ի՞նչ վրեժի շարժառիթի մասին է խոսքը»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք՝  2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ  սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։  Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Մեղադրանքի համաձայն. Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Սոսի Օհանյանի կողմից հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակությամբ, վրեժի շարժառիթով դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի առնվազն 28 փամփուշտներով, որից Վալոդյա Լևոնի Գրիգորյանին, Արծրուն Անուշավանի Գալստյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շրժառիթով կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ սպանելով Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և փորձել է սպանել Արծրուն Գալստյանին:

Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակել է իր համագյուղացի և ընկեր Գևորգ Արտյոմի Հարությունյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, Վալոդյա Լևոնի Գրիգորյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանելուն, իսկ Արծրուն Անուշավանի Գալստյանի նկատմամբ սպանության փորձ կատարելուն՝ պայմանավորված իր հարազատ եղբոր՝ Գրիգոր Սոսի Օհանյանի, 2025թ. փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանության հանգամանքով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Օհանյանը պնդել է՝ Վալոդյա Գրիգորյանն իր եղբոր uպանnւթյшն դեպքին մասնակցություն չի ունեցել, որտեղի՞ց իրավապահներին այն տեսակետը, թե նա վրեժի զգացում է տածել Գրիգորյանի նկատմամբ. Փաստաբան