Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարե Սիմոնյան. Արցախցիները, այո´, ունեն իրավունք ապրելու իրենց հողի վրա, ունեն ինքնորոշման իրավունք
«Ամբողջ ելույթն այն մասին էր, որ նա գործով ապացուցել է, խոսքով էլ ևս մեկ անգամ հաստատում է՝ ամեն ինչի պատրաստ է հանուն իշխանության»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցի, հանրային գործիչ Նարե Սիմոնյանը՝ արձագանքելով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Փաշինյանը երեկ մասնավորապես հայտարարեց. «Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած մեր քույրերի ու եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։ Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում»։
Նարե Սիմոնյանի կարծիքով, այսպիսով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երկու ուղերձ հղեց՝ առաջինն ուղղված էր միջազգային հանրությանը. «Դա նշանակում էր, որ մենք համատեղ ջանքերով ավարտին ենք հասցրել Արցախի էթնիկ զտումը, հայաթափումը, սա նաև հորդոր էր միջազգային հանրությանն այդ հարցը տարբեր հարթակներում չբարձրացնելու ու օրակարգ չբերելու մասին»։
Երկրորդ մեսիջն ուղղված էր արցախցիներին՝ հրաժարվել արցախյան հարցից, Արցախ վերադարձի ու արժանապատիվ կյանքի հնարավարությունից հանուն բնակարանի։
«Համոզված եմ, որ արցախցիների մեծ մասի համար այս մոտեցումն ընդունելի չէ։ Արցախյան հարցը չի կարող փակել այն մարդը, այն կառավարությունը, որն ամեն ինչ արել է այդ հարցը ողբերգական կետի հասցնելու համար։ Արցախյան հարցի շահառուն, եթե կուզեք սեփականտերն են ոչ միայն արցախցիները, այլև ամբողջ հայ ժողովուրդը, ում համար առաջնահերթ են հայկական ազգային շահը, պետականություն ունենալն ու ինքնության շարունակական լինելը։ Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակարգը շատ լավ հասկանում են այս մարդկանց ուժն ու տրամադրվածությունը, վճռականությունը նույնիսկ այս դժվար պայմաններում Արցախյան հիմնահարցը շարունակելը»,-նշեց նա։
ԵԽ-ում ելույթի հաջորդ օրը՝ մարտի 12-ին արդեն Երևանում՝ կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ոչ պակաս ուշագրավ հայտարարություն արեց՝ խոստովանելով, որ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ինքն է հանձնարարել ազատման դիմում գրել ոչ ավել ոչ պակաս ԱՄՆ նախագահ Ջ. Վենսին Արցախյան հիմնահարցի մասին գիրք նվիրելու համար։
«Փաստացի, բացեիբաց ցենզ է դրվում գիտական հանրության վրա՝ չօգտագործելու Արցախ բառը, չխոսելու Արցախի մասին։ Վատ է հնչում համեմատությունը, բայց նույնիսկ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսող գիտնականներ կան։ Մարդը, որ խոսում է ժողովրդավարությունից, այնպիսի բռնապետական ռեժիմ է սահմանում, որ գիտնականը նույնիսկ հնարավորություն չունենա խոսել պատմական փաստերի մասին։ Սա ևս մեկ անգամ խոսում է բռնապետության, հակահայկական մոտեցումների մասին»,-ասաց հանրային գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։