Ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից ծրագրվող հետագա բռնաճնշումների համար. ԳՀԽ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
Հասարակություն
16:13 13/03/2026
Հայաստան

Ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից ծրագրվող հետագա բռնաճնշումների համար. ԳՀԽ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու է հրավիրվել Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

ԳՀԽ-ն գոհունակությամբ արձանագրել է, որ հավաքին մասնակից եպիսկոպոսները աղոթական միության մեջ քննարկել են Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր և ձևակերպել են մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ Եկեղեցու կյանքի կազմակերպման ու առկա խնդիրների հաղթահարման։ ԳՀԽ-ը որոշել է կարելին ի գործ դնել հետամուտ լինելու խնդիրների կարգավորմանը՝ ընդգծելով, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական ու եկեղեցական-կանոնական ճանապարհով։

Մասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նշվել է, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանության մարմինների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ Միաժամանակ արձանագրվել է, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց։

Եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ապօրինի ազատազրկված և այլ խափանման միջոցների ենթարկված եկեղեցականների նկատմամբ նախաձեռնված քրեական, վարչական, քաղաքացիական գործերի ընթացքի, կայացված դատական ակտերի և դրանց վիճակագրության վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ի․գ․դ. տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորելով Եկեղեցու իրավունքների և ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման ու պահպանության հրամայականը՝ դատապարտել է ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը։

Անդրադարձ է կատարվել  նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է իբրև հարմար պատրվակ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար։ Արձանագրվել է, որ նման նախաձեռնությունները խաթարում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը։

ԳՀԽ-ն մերժելի է նկատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։

2026թ․ սեպտեմբեր ամսին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Վերջինս ժողովականներին ներկայացրել է կատարված նախապատրաստական աշխատանքները և ժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն ու առաջարկությունները։ Այս կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։ ԳՀԽ հաստատել է, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը ԶՈՒ-ում։ Կարևորելով գնդերեցների ծառայության նշանակությունը բանակի հոգևոր և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում՝ անհրաժեշտ է նկատվել, որ քննարկվեն ծառայության նոր կարգավորումները և դրանք օրինական հարթություն վերադարձնելու ուղիները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատություններում ուսումնակրթական կյանքի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։

Ժողովականները շնորհակալությամբ ունկնդրել են զեկույցը։ Կարևորելով հոգևորականների պատրաստության ու հոգևոր կրթության զորացմանն ուղղված աշխատանքները՝ թելադրել են շարունակել հետևողական քայլեր ձեռնարկել ուսումնական ծրագրերի բարելավման և նոր ուսանողների ներգրավման ուղղությամբ։

Ժողովի ընթացքում ներկայացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան, Մայր Տաճարի շինարարության ավարտական հաշվետվությունները և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Ներկայացվեցին նաև 2025թ․ Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական ծրագրերը։

Նշենք, որ մեր տեղեկություններով, այսօր քննչական կոմիտե հարցաքննության են կնաչվել ԳՀԽ եպիսկոպոսները։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից ծրագրվող հետագա բռնաճնշումների համար. ԳՀԽ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին