Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում մինչև 2100 թ-ը կունենանք մինչև 15-20 % ջրային ռեսուրսների կորուստ․ Զաքարյան
Հայաստանում սակավաջրության խնդիրը բազամաշերտ է, որոնք կապված են և՛ խմելու ջրի, և՛ ոռոգման ջրամատակարարող հիդրոտեխնիկական կառուցվածքների մաշվածության հետ, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը՝ անդրադառնալով մեր երկրում առկա սակավաջրության և ջրի կորստի հետ կապված խնդիրներին։
Մասնագետը հաջորդիվ նշում է՝ կառավարման խնդիրը։ Ըստ նրա՝ ավելի օպտիմալ կառավարվելու խնդիր ունենք։
«Նախ և առաջ պետք է կառավարվի համակարգային, որը չի արվում։ Համակարգչային ժամանակակից ծրագրերով իրականացնել ջրի հաշվառումը։ Ջրային ռեսուսների օգտագործման և կառավարման մասնագեների պակաս ունենք։ Պետք է մասնագետներ պատրաստել։ Բացի դրանից ունենք իրավական դաշտի որոշ խնդիրներ, որոնք պետք է շտկել»,- նշեց Զաքարյանը։
Բենյամին Զաքարյանը երրորդ կարևոր գործոն, որը համատարած բնույթ է կրում, նշում է ջրի խնայողաբար օգտագործման խնդիրը։ Իհարկե այս ամենին գումարվում է նաև կլիմայի փոփոխությունը․
«Վերջին 40-50 տարվա ընթացքում հանրապետությունում արդեն իսկ 10 -12%-ով ջրային պաշարների նվազման միտում է արձանագրվել։Կանխատեսվում է, որ մինչև 2100 թվականը կունենանք նաև մինչև 15-20 % նվազում։ Մենք 1960 թ․-ից հաշվարկում ենք և արդյունքում տեսել ենք, որ իսկապես՝ քաղցրահամ ջրային պաշարների նվազում եղել է՝ 10-12 %»,- մանրամասնեց հիդրոլոգը։
Զաքարյանի փոխանցմամբ՝ սակավաջրության խնդիր ունենք Հրազդանի գետավազանում՝ Երևանին հարող հատվածում, ինչպես նաև Արագածոտնի և Արմավիրի մարզերում՝ Քարակերտի և Արմավիրի տարածքներում, որտեղ նկատելի է սակավաջրությունը։ Թեև ամբողջությամբ չորացած գետեր չունենք, սակայն ունենք ջրաղբյուրներ։
«Հանրապետության փոքր ջրաղբյուրների զգալի մասը չորացել է։ Այս դեպքում պատճառը կլիմայի փոփոխությունն է, քանի որ մարդու ազդեցությունը ջրաղբյուրների վրա շատ քիչ է։ Այլ բան, եթե ստորերկրյա ջրավազան լինի և ինտենսիվ արդյունահանում, շահագործում իրականացվի, այս դեպքում, իհարկե, ազդեցությունը շատ մեծ կլինի»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը։
Որքանո՞վ է մեր երկիրը պատրաստ կանխատեսվող միտմանը, մասնագետը պատասխանեց․ «Մեծ ներդրումներ են պետք, որպեսզի կարողանանք ռեսուրսն ավելի խնայողաբար օգտագործել և էկոլոգիան պահելու համար ճիշտ կառավարել։ Եթե օպտիմալ կառավարենք, ապա առկա ջրային ռեսուրսը, կարծում եմ, կբավարարի»։
Նշենք, որ աշխարհում 25 երկիր արդեն ունի ծայրահեղ ջրային սթրես, որտեղ ապրում է աշխարհի բնակչության քառորդը։Գիտական տվյալներով (օրինակ՝ World Resources Institute-ի Aqueduct Water Risk Atlas) ամենաբարձր ջրային սթրես ունեցող տարածքները Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան են։ Այս տարածաշրջանը համարվում է աշխարհի ամենաջրասակավ շրջանը, որտեղ բնակչության մոտ 83%-ն ապրում է ծայրահեղ ջրային սթրեսի պայմաններում։