Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստն անկախություն է, իսկ ինքնությունից հրաժարումը՝ խաղաղություն․ Աննա Գրիգորյան
Քաղաքական
20:47 16/03/2026
Հայաստան

Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստն անկախություն է, իսկ ինքնությունից հրաժարումը՝ խաղաղություն․ Աննա Գրիգորյան

 «Անկախությունից ի վեր առաջին անգամ հայ մարդը գնալու է ընտրատեղամաս մի իրավիճակում, երբ հազարամյակներով բնակեցված Արցախում ոչ մի հայ չի ապրում, երբ մեր երկրի տարածքներն օկուպացված են, մեր հայրենակիցները շարունակում են գտնվել Բաքվի բանտերում, իսկ այս վարչախումբն էլ նախաձեռնել է համակարգված պայքար՝ մեր ազգային ինքնության դեմ»,- իր ելույթն այսպես սկսեց պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ Հայաստան դաշինքի միջոցառման ընթացքում, որտեղ հայտարարվեց ընտրություններին մասնակցելու ձևաչափի, դաշինքի թեկանածուի և կարգախոսի մասին։

«Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստն անկախություն է, իսկ ինքնությունից հրաժարումը՝ խաղաղություն։ Ուստի, առաջիկա ընտրությունները պարզապես տնտեսական ծրագրերի կամ լոկ  լավ սոցիալական խոստումների մասին չեն։ Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ՝ սեփական անցյալը չուրացող և ինքնությունը պահպանող ինքնիշխան  Հայաստա՞ն, թե Արևմտյան Ադրբեջան, որտեղ մեզ կստիպեն փոխել մեր Սահմանադրությունը, ուրանալ մեր սրբությունները և քանդել մեր ինքնության հիմնասյուները։ Հայաստա՞ն, թե՞ Արևմտյան Ադրբեջան, ընտրությունը շատ հստակ է, շատ պարզ»,- հավելեց քաղաքական գործիչը։

Նա համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդն ընտրելու է Հայաստանը։

«Այն Հայաստանը, որտեղ պարտությունը դատավճիռ չէ և պարտությանը գերի չեն դառնում։ Այն Հայաստանը, որտեղ ոչ ոք չի կարող մեզ պարտադրել փոխել մեր մեր Սահմանադրությունը, ոտնատակ տալ մեր անկախության հռչակագիրը, մեր ծննդյան վկայականը։Այն Հայաստանը, որտեղ Արցախ ասելուց հետո ներողություն չեն խնդրում, որտեղ պատմական փաստերը ցենզուրայի չեն ենթարկվում, տաբու չեն դառնում, որտեղ Ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում և չեն ուրանում։ Ես վստահ եմ, որ ժողովուրդն ընտրելու այն Հայաստանը, որտեղ պետական խորհրդանիշները, ինչպիսին Արարատն է, մեր հպարտությունն է և ոչ թե բեռը, որից պետք է ազատվել։Որտեղ չեն պատերազմում սեփական եկեղեցու դեմ այնպես, ինչպես նույնիսկ թուրքերն ու մոնղոլ թաթարները չէին համարձակվի, և այն Հայաստանը, որտեղ ընտանիքը, ավագ սերնդի նկատմամբ հարգանքը, հավատքը և ազգային ինքնությունը մեր արժեքներն են և ոչ՝ թիրախը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder