Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձոն բարեկամության և խաղաղության. տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի գինեձոնը
Հայաստանի գրողների միությունում կայացավ բանաստեղծ, մանկագիր, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի գինեձոնը, որը պատմում է հայ և վրացի ժողովուրդների բարեկամության մասին, շեշտում այսօրվա փոփոխվող աշխարհում ժողովուրդների բարեկամության կարևորությունը։

«Վերնագիրն արդեն ասում է՝ հայ-վրացական մեր պատմության, մշակույթ մասին է։ Այդտեղ հավաքված է ժամանակին, նաև հիմա իմ հրատարակած արձակ ստեղծագործությունները, պոեզիան, էսսեները, վրաց գրականությունից թարգմանություններ։ Այս ամենը գումարվել ու դարձել է «Հայոսը Քարթլոսի մասին» գիրքը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Է. Միլիտոնյանը։
Գիրքն արդեն ներկայացվել է Վրաստանում, կան բազմաթիվ դրական անդրադարձներ, գրախոսականներ։
Է. Միլիտոնյանը նշեց, որ 2-3 տարի առաջ սկսել է «Մենք և աշխարհը» շարքի հրատարակումը՝ ներկայացնելով, թե հայ դասական ու ժամանակակից գրողները տարբեր երկրների մասին ինչ են գրել։
«Դասական գրողները շատ գեղեցիկ են գրել Վրաստանի մասին, մենք այսօր շարունակում եք այդ ոգին։ Հայոսը և Քարթլոսը միայ լեգենդ չէր, իրականություն էր, եթե իրականության մեջ ոչինչ չլիներ, դա լեգենդ չէր դառնա։ Հիմա պարտավոր ենք լեգենդն իրականություն դարձնել. եղբայրությունը, ընկերությունը, բարկամությունը երկու ժողովուրդներին պատմականորեն միշտ սատարել են»,- նշեց գրողը։

Նրա խոսքով, այսօր էլ դժվարություններ կան միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքական գոյավիճակներում։
«Իմ կարծիքն այն է, որ երկու ժողովուրդները, պետություններն իր հետ պետք է մեջք մեջքի տված դիմակայեն դժվարություններին, զարգացնենք մեր մշակույթը, հարաբերությունները։ Եթե հարևան երկրներով չսիրենք, չհարգենք միմյանց, ամեն մեկս առանձին-առանձին լինենք, կտրվենք փորձությունների»,- ասաց Միլիտոնյանը։

Բանաստեղծ Հակոբ Հարությունի ներկայացմամբ, այս գիրքը ձոն է բարեկամության։
«Մենք պետք է հասկանանք՝ մեր պապերը լսում են մեր ոտնաձայները, իսկ մեր պապերը եղել են եղբայրներ, բարեկամներ, ընկերներ, դրկիցներ, ուստի մենք այսօր պարտավոր ենք այդ ոտնաձայները մեր պապերին փոխանցել, որ անխաթար ենք պահում այդ ազնվությունն։ Այդ իմաստով այս գիրքն այսօր շատ արդիական է։
Ամբողջ աշխարհում պատերազմ է, թշնամություն, իսկ այս գիրքը մեկ կոչում ունի՝ խաղաղություն, բարեկամություն։ Այս գիրքը ձոն է բարեկամության, որի պակասն այսօր կա»,- ասաց բանաստեղծը։

Գրքի հրատարակիչ, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը հույս հայտնեց, որ բարեկամության մասին այս գիրքը նաև քաղաքական գործիչները կընթերցնեն, ականջ կդնեն ու կարողանան ստեղծել բարեկամության նոր էտապ։


