Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի բացատրությունը, թե ինչո՞ւ է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն անկախություն
«Շատ ծանրութեթև է արվում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության։ Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը»,- ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Պատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար և պայմանական ջրի այդ մեկ մատակարարն ամեն օր ձեզ բերում է մեկ շիշ ջուր։ Երբ որ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում ձեր կախվածությունը ջրի այդ մատակարարից 100 տոկոս է: Դրա մասին գիտեք և դուք, և ինքը, որովհետև դուք ջրի ուրիշ մատակարար չունեք։ Սա նշանակում է, որ ջրի մատակարարը ձեր վրա ունի լծակ, օրինակ, գնային առումով, նա կարող է որոշակի գին թելադրել ձեզ, և ունի լծակ՝ մատակարարման առումով, նա կարող է այլ ակնկալիքներ ունենալ բացահայտ և թաքնված, և մատակարարումների ուշացումով, հետաձգումով որոշակի լուծումներ պարտադրել ձեզ։
Եվ կա նաև ոչ այսպիսի կանխավարկած, կա ուղղակի ֆորսմաժոր: Ջրի այդ մատակարարի հետ կարող է որևէ բան տեղի ունենալ՝ է հիվանդանալ, դժբախտ պատահար, հայտնվել անազատության մեջ, և պարզապես ձեզ համար չկարողանալ բերել այդ ջուրը, և հետևաբար քիչը, մի հոգին, տվյալ դեպքում առաջացնում է ձեզ համար 100 տոկոսանոց կախվածություն»,- նշել է Փաշինյանը։
Ըստ նրա, եթե ունեն երկու մատարակարար, այս նույն իրադարություններում մանևրելու հնարավորությունը 50 տոկոսով ավելանում է. «Այսինքն, եթե մի մատակարարը փորձի գին թելադրել, հնարավորություն ունեք երկրորդի հետ բանակցել։ Այդ մասին գիտի և առաջին մատակարարը, և երկրորդ։ Եթե դուք ունեք երեք մատակարար, այս դեպքում ոչ միայն ձեր անկախության աստիճանը մեծանում է, այլ դուք լրացուցիչ լծակներ եք ստանում»։
«Պատկերացրեք՝ դուք ունեք մեկի փոխարեն չորս, հինգ, վեց, յոթ մատակարար։ Այդ դեպքում, վստահաբար, կարող եք երաշխավորված զգալ ձեզ, որ մատակարարումները միշտ և ժամանակին տեղ կհասնեն։ Եթե հանկարծ որևէ մեկը ճիշտ և ժամանակին տեղ չհասնի, դուք կարող եք նրանից պարզապես հրաժարվել և մեկից հրաժարվելով, ի ցույց մյուսների, պարտադրել, որ նրանք իրենց պարտականությունները կատարեն պատշաճ, ժամանակին, ձեզ ամենահարմար գնով և ձեզ ամենահարմար որակով։
Ահա, թե ինչու է անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելը շատերից կախվածությամբ: Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք, երբ դուք շատերից եք կախված, փաստացի դուք ոչ մեկից կախված չեք։ Ահա՝ ինչու ենք ասում անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։