Թվերի աճպարարություն առողջապահությունում. Անուշ Պողոսյան
Առողջություն
13:14 18/03/2026
Հայաստան

Թվերի աճպարարություն առողջապահությունում. Անուշ Պողոսյան

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի՝ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում սպասարկվել է 7 722 շահառու, և ծնվել է 561 երեխա։ Սա նշանակում է՝ յուրաքանչյուր 100 շահառուից մոտ 7-ի դեպքում է արձանագրվել ծնունդ»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը։

Նրա գնահատմամբ, միևնույն ժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման դեպքում մեկ բուժական ցիկլից ծնունդների միջին ցուցանիշը կազմում է մոտ 20–30%։

«Այս ֆոնին այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան-ը հանդես է եկել, մեղմ ասած, տարակուսելի հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ 7 722 շահառուները օգտվել են տարբեր ծառայություններից, իսկ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացվել է 1470 կնոջ, որոնցից 1307-ի դեպքում արձանագրվել է հղիություն։

Սա նշանակում է մոտ 89% հղիության ցուցանիշ։ Այսինքն՝ մենք «անցել ենք» Իսպանիային, Իսրայելին, Դանիային և ԱՄՆ-ին՝ առնվազն 40 տոկոսով։ Աշխարհում նման ցուցանիշ պարզապես գոյություն չունի։ Սա ոչ թե հաջողություն է, այլ՝ կամ վիճակագրական սխալ, կամ թվերի բացահայտ մանիպուլացիա։

Իսկ եթե լուրջ՝ անհարմար է։ Թվերով մի մանիպուլացրեք։

Տիկին Ավանեսյան, ձեզ այս տվյալները տրամադրող անձինք առնվազն պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ եթե, իհարկե, սա կանխամտածված չէ»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թվերի աճպարարություն առողջապահությունում. Անուշ Պողոսյան