Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շենգավիթի կոմունալ բաժնի պետն ու ընկերներն անպատվել ու ծեծել են ինձ, երբ պահանջել եմ աշխատավարձս. դեպքից մանրամասներ է պատմում աշխատակիցը
Շենգավիթի վարչական շրջանի կոմունալ բաժնի հսկողության տակ աշխատած Աիդա Մխիթարյանն այսօր կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փետրվարի 23-ին կոմունալ բաժնի պետն ու թիմակից ընկերներն անպատվել են իրեն ու ծեծել։ Իսկ պատճառն այն է եղել, ըստ տիկին Աիդայի, որ պահանջել է իր հասանելիք աշխատավարձը։
«Նոյեմբերի 7-ին եկել էիք կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անելու, որ որպես 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ու անապահով օգնեն տանիքս վերանորոգել, այդ պատճառով Շենգավիթի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը և պատասխանատու Լյուդվիգը, ով մեկ ամիս առաջ հրաժարական է տվել, բացակա են դնում ինձ այս տարի հունվարից մինչև փետրվարի վերջ: Հունվարին, իրենց ասելով, աշխատել եմ 10 օր, ստացել եմ 68 հազար դրամ 145 հազարի փոխարեն։ Փետրվարին էլ եմ աշխատել, անհիմն բացակա են դրել»,- պատմեց Ա. Մխիթարյանը։
Նա նշեց, որ այժմ կառավարության մոտ է մի խնդրանքով՝ օգնեն իրեն բացահայտել այդ ստոր արարքը:
«Կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանն, իր բրիգադի հետ միասին, ինձ անպատիվ խոսքեր է ասել, որը ես ձայնագրել եմ, իմ մոտ է, նաև ինձ ծեծուջարդի են ենթարկել, երբ իրենց ասել եմ՝ իմ աշխատավարձը վերադարձրեք, չհաշված, որ երկու անգամ էլ պրեմիայից են զրկել ինձ, չնայած բոլոր աշխատողները ստացել են։
Հիմա խնդրանքս մի բան է, որ մեր կառավարությունը գոնե մի փոքր ինձ օգնի ու աջակցի, որ ես կարողանամ արդարությունը վերականգնել»,-ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ բառերով են իրեն վիրավորել, տիկին Աիդան պատասխանեց. «Ես ինձ չեմ կարող թույլ տալ կրկնել եթերում։ Կոմունալ բաժնի պետն ու թիմակից ընկերներն էին»։
Նա նշեց, որ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, այնտեղից էլ՝ քննչական կոմիտե։
«Քննչականում ասել են, թե դատախազությունն է փաստաթղթերս ուզել ուսումնասիրելու համար։ Ես հինգ րոպեի ընթացքում գնացել եմ դատախազություն, դատախազությունը փաստացի ասում է, թե նման անուն-ազգանունով փաստաթուղթ չեն ուզել, այդպիսի փաստաթուղթ չկա, որպես քննչական վարույթ: Երբ ասացի՝ ժողովուրդ, սուտ եք ասում, այդպիսի բան չկա, ո՞ւր են իմ փաստաթղթերը, իրենք ասացին՝ մենք տվել ենք իրենց, չգիտենք՝ ինչ են արել թղթերը»։
Նա նաև դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, գործն ընթացքի մեջ է, դեռ պատասխան չկա:
Ա. Մխիթարյանն արդեն մեկ ամիս է չի աշխատում։ Նա ապրում է վատառողջ մայրիկի հետ։ Նա ասաց, որ մայրը ստանում է 68 հազար դրամ թոշակ, ինքն էլ՝ 36 հազար դրամ հաշմանդամության թոշակ: