Այս փուլում չեմ նախանձում իշխանությանը. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
17:47 21/03/2026
Տարածաշրջան

Այս փուլում չեմ նախանձում իշխանությանը. Ռոբերտ Քոչարյան

«Այս պահին բոլորը դիրքավորվում են, թե ինչ ծրագրերով և ընդհանրապես ինչպես են հանդես գալու ժողովրդի առջև այս նախընտրական փուլում: Մեր դիրքավորումը դուք արդեն տեսել եք»,-դիմելով աշտարակցիներին՝ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հստակեցնելով, որ իրենք դրական են համարում խոշոր ընտրական միավորների մասնակցությունը ընտրական գործընթացին։

«Սա հնարավորություն է տալիս առաջին հերթին չփոշիացնել ձայները և երկրորդը՝ հնարավորություն է տալիս ավելի հստակ ծրագրերով, 3-4 ընդդիմադիր միավորներով մտնել լուրջ պայքարի մեջ մեկ միավորի դեմ, միավորի, որը զավթել է իշխանությունը և որը մեզ տանում է, ոչ ոք չի հասկանում, թե ուր»,-ընդգծել է «Հայաստան» դաշինքի կողմից որպես վարչապետի թեկնածու հայտարարված Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը դրական է համարում նաև այն, որ իշխանությունը սատելիտ կուսակցություններ չունի, որոնք նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ 4%-անոց նախընտրական շեմը։

«Արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ և մեկ իշխանական միավոր: Եվ եթե այդ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատեն, այլ բոլորը թիրախավորեն նրանց, ովքեր արհավիրք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը ինձ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու ենք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը, ինչին հաջորդեցին ծափահարություններ։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, իր թիմը պատրաստ է նման կարգի աշխատանքի։ Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացի բովանդակությանը, ապա Ռոբերտ Քոչարյանը նշեց, այս փուլում չի նախանձում իշխանությանը։

«Ի՞նչ պիտի ասեն: Առաջինը՝ մարդիկ ասելու են՝ 8 տարի իշխանության գլխին եք, էդ ինչ-որ խոսք եք տալիս դա պետք է արած լինեիք, ինչո՞ւ չեք արել։ Եվ երկրորդը՝ ամեն մարդ, եթե բացում է իրենց նախընտրական ծրագիրը 21 թվականի, տեսնում է, որ առնվազն 80%-ով արել են ճիշտ հակառակը։ Հարց է առաջանում ձեր խոստումները, ձեր ասածները գրոշի արժեք ուղղակի չունեն, քանի որ մենք այդ փորձը հարաբերվելու նմանատիպ իշխանության հետ արդեն ունենք, որ դուք կարող եք ասել մեկ բան և կյանքում անել ճիշտ հակառակը: 

Եվ այս ամենի պատճառով, իմ տպավորությամբ, իրենք մի թեզ են միայն մեջտեղ բերելու․ «եթե մենք չենք, ապա պատերազմ է լինելու»։ Ամենավտանգավոր թեզն է, բայց նաև ամենաստորացուցիչը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ սա կանխատեսում էին դեռ մեկ տարի առաջ, դրա մասին խոսել են նաև հրապարակային ելույթներում։

«Քարոզարշավը իշխանությունը սկսել է մոտ մեկ տարի: Տարբեր ֆորմատներով փորձում են ինչ-որ նոր հետաքրքրություն ստեղծել մեր ժողովրդի մոտ: Հիմա թիթիզ ավտոբուսի թեման է բավական ակտիվ օգտագործվում: Այլ քաղաքական ուժերն այդ ընդդիմադիր դաշտից սկսել են մոտավորապես աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից, մենք սկսել ենք ընդամենը ամսի 16-ից։ Հիմա կարելի է ասել, թե մենք ուշանում ենք։ Մեր կարծիքով՝ ուրիշները շուտ են սկսել, այնքան անհրաժեշտ է։ Մենք ամբողջ թափով և համոզմունքով մտնում ենք այս պայքարի մեջ։ Ես ունեմ խոր վստահություն, որ հաջողության հասնելու ենք, և այդ հաջողության մեջ զգալի լուման ունենալու եք դուք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս փուլում չեմ նախանձում իշխանությանը. Ռոբերտ Քոչարյան