Քաղաքական հաշվեհարդարը հասավ արտաքին քաղաքականություն. Սուրենյանց
Քաղաքական
16:36 21/03/2026
Հայաստան

Քաղաքական հաշվեհարդարը հասավ արտաքին քաղաքականություն. Սուրենյանց

«Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կամպանիան արձանագրել է պետականության համար վտանգավոր հերթական դրսևորումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ -ի նկատմամբ կիրառված՝ երկրից դուրս գալու արգելքը, որի հետևանքով նա չի կարող մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորությանը, քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է՝ իր հետևանքներով»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա նշում է՝ օրինականության մասին հղումները այս դեպքում բացարձակապես համոզիչ չեն։

«Պետությունը չի կարող սահմանափակվել «օրենքի տառով», երբ ակնհայտ են դրա ծանր քաղաքական և դիվանագիտական հետևանքները։ Օրենքը պետք է ծառայի պետությանը, ոչ թե օգտագործվի որպես գործիք՝ ներքաղաքական հաշվեհարդարի համար։ Այստեղ, ցավոք, ձևավորվում է հենց այդ տպավորությունը։ 

Արդյունքում, Հայաստանը հայտնվում է անհարմար և խոցելի վիճակում՝ ի վիճակի չլինելով ապահովել իր հոգևոր առաջնորդի ներկայությունը տարածաշրջանային նշանակության իրադարձությանը։ Սա ոչ թե դիվանագիտական վրիպում է, այլ խայտառակություն, որի միակ պատասխանատուն Փաշինյանն է: 

Այս խայտառակ փաստը ստվերում է հայ- վրացական բարեկամական հարաբերությունները, մանավանդ՝ Վրաստանի կողմից հատուկ հրավերը և միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլիի հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս, որ Թբիլիսին սպասում էր հայկական հոգևոր ներկայությանը։ 

Սակայն գլոբալ առումով՝ տեղի է ունենում պետականության արժեզրկման շարունակական գործընթաց, որի հետևանքները արդեն տեսանելի են ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտաքին աշխարհում»,-գրում է քաղաքագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական հաշվեհարդարը հասավ արտաքին քաղաքականություն. Սուրենյանց