Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
Քաղաքական
23:16 23/03/2026
ԼՂՀ

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված  հայրենակիցների վերաբերյալ

Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ:

Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում։

Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։

Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝  նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Ավելին, անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, Հայաստանի Հանրապետության բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար:

Համազգային համերաշխությունը չի կարող ներկայացվել որպես «պարտք» կամ շահարկվել որպես ճնշման գործիք։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։

Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն, հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը