Գագիկ Ծառուկյանի որևէ որոշում պատահական կայացված չի լինում, այս դեպքում ևս. Տոնոյան
Քաղաքական
17:40 23/03/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանի որևէ որոշում պատահական կայացված չի լինում, այս դեպքում ևս. Տոնոյան

«Գագիկ Ծառուկյանը նյութական որևէ պահանջ չունի որևէ մեկից, միակ հարցը, որ կարող է լինել, ներողության հարցն է, բայց պարոն Ծառուկյանի դիրքորոշումն այն է, որ  այս ամենի մեջ կարևորն արդար դատական ակտի կայացումն է, իր անմեղության հաստատումը, որը տեղի է ունեցել հրապարակային»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստում հայտարարեց Գագիկ Ծառուկյանի պաշպան Երեմ Սարգսանը։

Ըստ նրա, քանի որ այս ամենը հրապարակային է տեղի ունեցել,  կարիք չեն գտնում որևէ մարմին ներողություն խնդրի։

«Որևէ տեսակի պահանջ Գագիկ Ծառուկյանը չունի»,- հայտարարեց պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 11-ին արդարացրեց Գագիկ Ծառուկյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։

Այսօրվա դատական նիստից հետո ԱԺ նախկին պատգամավոր, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր  Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նախ ասաց, որ իրենց համար անսպասելի էր դատարանի այդ որոշումը։ 

«Մինչ այս պահը տեղի ունեցած քաղաքական գործընթացները, որոնք ավելի շատ իրավական դրսևորում էին ստանում, մեզ հիմք էին տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, դատարանն այլ որոշում է  կայացնելու։ Մեր փաստաբանական խումբը  պատրաստ էր հնարավոր բոլոր ատյաններում որոշումը բողոքարկելուց  հետո նաև դիմել եվրոպական դատարան, քանի որ 6 տարի շարունակ քննվող քրեական գործի շրջանակում, երբ չկա որևէ ցուցմունք, փաստ Գագիկ Ծառուկյանի դեմ, բայց նա այդ քրեական գործով նաև կալանավորված է  եղել, իրավական ողջ գործընթացներին մասնակցել է, դեռևս 1-2 տարի առաջ հնարավորություն կար վաղեմության ժամկետով պայմանավորված այս քրեական գործի քննությունը դադարեցվեր, բայց պարոն Ծառուկյանի, փաստաբանների սկզբունքային դիրքորոշումն է եղել, որ պարոն Ծառուկյանի անմեղությունը պետք է ապացուցվի, ինչը տեղի ունեցավ»։ 

Հարցին՝ պարոն Ծառուկյանը հնարավորություն ուներ պահանջել հրապարակային ներողություն խնդրել իրենից, բայց հրաժարվեց, ինչո՞ւ, Ի. Տոնոյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանի որևէ որոշում պատահական կայացված չի լինում, այս դեպքում ևս։ Ուզում եմ, որպեսզի համապատասխան գործընթացներով հանդես եկող մարդի իրենց մեջ ևս մեկ անգամ մտածելու հնարավորություն ունենան, թե ինչու պարոն Ծառուկյանն այդ որոշումը կայացրեց»։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում էր 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գագիկ Ծառուկյանի որևէ որոշում պատահական կայացված չի լինում, այս դեպքում ևս. Տոնոյան