Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանության դժգոհությունն ավելի շատ էր, անգամ զգուշացում կար՝ չխաղալ ներկայացումը. Հրանտ Թոխատյան
«Ներկայացումներն իշխանության և իշխանավորների մասին չեն, որովհետև իշխանավորներն ու իշխանությունը շատ փոքր են, որպեսզի իրենց մասին ներկայացում անեմ»,- Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Ըստ նրա, իշխանավորներն ու իշխանություններն անցողիկ են, իսկ ներկայացումները մնայուն են։
«Շատ կուզի, որպեսզի ներկայացումներն իրենց ակտուալությունը կորցնեին, բայց «Mea culpa»-ն 15 տարի մնաց բեմի վրա ու 15 տարի ակտուալ էր։
Նույնը «Առաքելի» հետ կապված։ Հանդիսատեսն ինքն է ամեն անգամ ներկայացման կերպարների մեջ տեսնում այսինչ կամ այնինչ իշխանավորին, նմանեցնում։ Ամենաահավորն այն է, որ իրենք՝ իշխանավորներն են տեսնում իրենց կերպարը ներկայացման մեջ։
Նույնը «Նազարի» դեպքում. միլիոն տարի խաղում ենք, երբ որ վերականգնվեց, էլի դժգոհություն կար։ Ավելին՝ ի տարբերություն նախկին իշխանությունների՝ Սովետական Հայաստանի, հետո արդեն անկախ Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ, երբեք իրենց կողմից չի եղել պահ, որպեսզի իրենք արգելեն, խորհուրդ տան չխաղալ։ Դժգոհություններ հայտնել են, բայց ներկայացմանը չեն կպել։ Իմիջայլոց, ոչ մեր ներկայացումներին, ոչ իմ շատ լավ բարեկամ Վարդան Պետրոսյանի, որը նույնպես բեմից բավականին համարձակ, ակտուալ թեմաներ է բարձրացրել։
Ինձ թվում էր, որ եկել է երիտասարդ իշխանություն, ավելի թարմ մտածելակերպով, ավելի հակված արվեստին, բայց արի ու տես, որ այս իշխանության դժգոհությունն ավելի շատ էր, անգամ զգուցաշում կար չխաղալ ներկայացումը։
Այն ժամանակվա ԿԳՄՍ փոխնախարարը դիմել էր Կամերային թատրոնի գեղարվեստական գեղավար Արա Երնջակյանին, քանի որ այդ բեմում էի խաղում, ասել էր՝ ցանկալի կլինի չխաղալ այդ ներկայացումը։
Ես փորձեցի խոսել փոխնախարարի հետ՝ ինչու համար չխաղանք, հետաքրքիր է։ Հարցրեցի՝ նայե՞լ եք, թե որ թվականի ներկայացում է, այն թիվն է, երբ որ դուք կամ ում որ նմանեցնում եք, քանի որ ինքն ասել էր հանդիսատեսը, մեզ զգուշացրել է, որ ներկայացման հերոսը՝ Քաջ Նազարը, հիշեցնում է մեր ղեկավարներից մեկի, եթե ոչ ամենակարևորի կերպարը։ Ասում եմ՝ հարգելիս այդ կերպարը կամ չէր ծնվել այն ժամանակ կամ շատ փոքր էր, որ իր մասին ներկայացում արվեր։ Հանդիսատեսն է նմանեցնում, դա մեր պրոբլեմը չէ, արդեն այդ ղեկավարի պրոբլեմն է, եթե հանդիսատեսն իրեն է տեսնում այդ կերպարի մեջ։
Խաղացինք ներկայացումը։
Անպայման վերականգնելու եմ «Նազար, Նազարը», աշխատանքներ են գնում։ Քիչ աշխատանք կա անելու, նաև՝ Նազարն այսօրվա հանդիատեսին, կարծում եմ, շատ պետք է, անգամ այն հանդիսատեսին, ով համաձայն չլինի ներկայացման գաղափարի հետ։ Վիճելի ներկայացում է, շատ եմ սիրում»,- նշել է Հ.Թոխատյանը։
Նա հիշել է, որ «Խաթաբալադա» ներկայացման կերպարներին նմանցնում էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, լուսահոգի Վանո Սիրադեղանին, Վազգեն Սարգսյանին։
«Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանին ծանոթ եմ եղել «Գարուն» ամսագրից։ Նրանք անգամ կիսակատակ-կիսալրջով մեկ-մեկ վիճում էին՝ քո մասին է, նա էլ ասում էր՝ չէ, քո մասին է։ Ասում էի՝ տղերք, ձեր մասին չէ, իշխանության մասին է, և որ պոետն իր հոգին վաճառում է սատանային։ Այդ մասին է ստեղծագործութունը։
Իրենք մեծ ուշադրությամբ, սիրով գալիս ու նայում էին ներկայացումը»։