Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցինիզմ և ծաղր․ Արփինե Հովհաննիսյանը` «Վեոլիա ջուր»-ի վերաբերյալ հանձնաժողովի որոշման մասին
«Ցինիզմ և ծաղր։ Հենց այսպես կարելի է որակել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշումը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության նկատմամբ վարույթ չհարուցելու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ սրա հիմքում տարբեր պատճառներ կան։ Առաջին պատճառն, իհարկե, քաղաքական է, քանզի հանձնաժողովն անկախ չէ»,-սոցցանցի իր էջերում հրապարակած տեսանյութում նշում է Արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից ստացած դժգոհությունների հետքերով իր ձեռնարկած քայլերին ու դրանց հետևած զարգացումներին։
Ըստ իրավաբանի՝ հանձնաժողովը մերժել է վարույթ հարուցել «Վեոլիա Ջուր» ընկերության նկատմամբ՝ պատասխանատվությունը գեղեցիկ կերպով «գցելով» այլ գերատեսչությունների վրա։ Հովհաննիսյանի ներկայացմամբ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացին չունի որևէ պետական ատյան, որը կպաշտպանի իր շահերը ջրամատակարարման տևական ընդհատումների դեպքում։
«Եթե ջուր չունեք 6 ժամ, դիմում եք ՀԾԿՀ, բայց եթե այն կտրում են 20-23 ժամ, հանձնաժողովն ասում է՝ գնացեք Ջրային կոմիտե կամ սպասեք տեխնիկական աուդիտի։ Փաստացի, չկա մի մարմին, որն իրավասու է լուծել այս հարցը»,- նշում է նա։
Ըստ ընկերության պաշտոնական տվյալների՝ Երևանում ջրամատակարարումը կազմում է օրական միջինը 23.1 ժամ, իսկ գյուղերում՝ 21 ժամ։ Սակայն իրականությունը հեռու է պաշտոնական թվերից։
«Վեոլիան ասում է՝ հավաքական երևանցիներ, ձեզ 23 ժամ ջուր եմ տվել, գոհ եղեք։ Գյուղաբնակ քաղաքացիներ, ձեզ էլ 20 ժամ եմ տվել... Սա բացարձակ ցինիզմ է»,- նշում է նա։
Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ այս անգամ ևս Կառավարությունը փեշերը փռել է «Վեոլիա Ջրի» վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։