30 տարվա դադարից հետո օպերային թատրոնի բեմում մեծ պրեմիերա է՝ «Պայացներ»
Մշակույթ
17:09 26/03/2026
Հայաստան

30 տարվա դադարից հետո օպերային թատրոնի բեմում մեծ պրեմիերա է՝ «Պայացներ»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է տարվա ամենասպասված առաջնախաղերից մեկին․ մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին հանդիսատեսին կներկայացվի Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան։

«Պայացները» օպերային արվեստի ամենահայտնի օրինակներից է, որի լիբրետոն կառուցված է «թատրոն թատրոնի մեջ» սկզբունքով։ Գլխավոր հերոսը՝ Կանիոն, երբեմնի փառքի արժանացած դերասան է, որն այժմ ղեկավարում է թափառաշրջիկ թատերախումբ։ Նրա կյանքի միակ ուրախությունը երիտասարդ կինը՝ Նեդդան է, որին նա ժամանակին վերցրել է փողոցից։ Սակայն Նեդդան երախտագիտությունից առավել ձգտում է ազատության եւ սիրահարվում է Սիլվիոյին։

Նեդդային սիրահարված է նաև նույն թատերախմբի դերասան Տոնիոն, որի մերժված սերը վերածվում է կործանարար ատելության և մատնության։ Ի վերջո, բեմական ներկայացման ընթացքում իրականությունն ու խաղը խառնվում են, և Կանիոն դանակահարում է Նեդդային, ապա՝ նրան օգնության հասած Սիլվիոյին՝ ողբերգական ավարտով փակելով ներկայացումը։

Օպերային թատրոնում «Պայացներն» առաջին անգամ ներկայացվել է 1935 թվականին՝ հատվածաբար, բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանի և ռեժիսոր Ալեքսանդր Կարատովի կողմից։ Ամբողջական բեմադրությունը կայացել է 1937 թվականին, իսկ հաջորդ բեմադրությունը՝ 1976-ին։ 1996 թվականին օպերային այս գլուխգործոցին անդրադարձել է ռեժիսոր Տիգրան Լեւոնյանը, բեմադրող դիրիժորը եղել է Մկրտիչ Բաբաջանյանը։

Օպերայի և բալետի թատրոնից հայտնում են, որ 30 տարի անց, Օպերային թատրոնը կրկին բեմադրում է Լեոնկավալոյի հանրահայտ ստեղծագործությունը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։

Բեմադրությունն իրականացվում է հայ-իտալական համագործակցության շրջանակում՝ նախորդ տարի Օպերային թատրոնի և Միլանի Լա Սկալա թատրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։

Բեմադրության ռեժիսորն ու լուսային նկարիչը Լա Սկալա թատրոնի ռեժիսոր Մարիո Ակամպան է, բեմի նկարիչը՝ Էլեոնորա Պերոնետին, զգեստների նկարիչը՝ Քիարա Ամալտեան։ Գլխավոր դերերում են Ջուլիանա Գրիգորյանը, Տիգրան Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Ռոման Խնկոյանը, Ալեքսեյ Շապովալովը, Միխեիլ Շեշաբերիձեն, Լուսինե Մակարյանը, Գուրգեն Բավեյանը, Տիգրան Օհանյանը, Հովհաննես Գրիգորյանը։

Ներկայացմանը մասնակցում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, երգչախումբը և սիմֆոնիկ նվագախումբը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
30 տարվա դադարից հետո օպերային թատրոնի բեմում մեծ պրեմիերա է՝ «Պայացներ»