Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ ԿԳՄՍՆ միջոցառումն անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարին հռչակել է «Անվտանգ և ապահով կրթության տարի»: Նախարարությունից հայտնում են, որ ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ. յուրաքանչյուր ամիս դրանք նվիրված են անվտանգության որևէ թեմայի (կիբերանվտանգություն, բռնության կանխարգելում, բուլինգ, թմրամիջոցների շրջանառության կանխարգելում, անվտանգ երթևեկություն և այլն): Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում մարտ ամսին ներկայացվող նախագծային աշխատանքները նվիրված են տարբեր կախվածությունների:
Երևանի Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Ալիսան՝ ընդդեմ կախվածության» խորագրով նախագծային աշխատանքի ցուցադրությունը՝ թատերական բեմադրության ձևաչափով: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը:
Բեմադրությամբ դպրոցականները ներկայացրել են 21-րդ դարի մարտահրավերները՝ կախվածությունները համացանցից, համակարգչային խաղերից, վիտուալ աշխարհից, անիրական շփումներից, մաքեթինգային զանազան առաջարկություններից, առցանց գնումներից և այլնից, որոնք իրական կյանքում լուրջ խնդիրներ են առաջացնում:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը բարձր է գնահատել դպրոցի մանկավարժների և աշակերտների կատարած աշխատանքը՝ նշելով, որ այն տպավորիչ էր և կարևոր ազդակներ էր պարունակում. «Իրականում այն երևույթները, որոնց մասին դուք խոսեցիք բեմականացման ընթացքում, ամենուր են: Կախվածությունները տարբեր երևույթներից իրապես ռիսկային են, և դրանցից կարող ենք ազատվել համատեղ ուժերով, միմյանց օգնելով, ինչպես դա արեց ներկայացման հերոսը՝ Ալիսան։ Վստահ եմ, որ անվտանգ և ապահով կրթության տարվա ընթացքում իրականացված միջոցառումները ձեզ օգնել են, որպեսզի դպրոցում ավելի անվտանգ և ապահով կրթական միջավայր ստեղծվի»:
Նա նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին, ծնողներին և աշակերտներին՝ կատարված համատեղ աշխատանքի համար, որի արդյունքը նկատելի է և մեծ գնահատանքի է արժանի:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյանը:
Երևանի Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցի շենքը հիմնանորոգվել է Կառավարության 300 դպրոցների կառուցման, հիմնանորոգման և բարեկարգման ծրագրի շրջանակում և շահագործման է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերին: Դպրոցում սովորում է 611 աշակերտ, կամավոր ատեստավորմանը մասնակցել և ադրական արդյունք է գրանցել 12 ուսուցիչ: