«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ. Սուրենյանց
Քաղաքական
15:24 31/03/2026
Հայաստան

«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ. Սուրենյանց

«Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Իշխանությունը պնդում է, թե տեղի է ունեցել «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն»։ Բայց այստեղ կա սկզբունքային հակասություն․ արդյո՞ք վարչապետը եկեղեցում իրականացնում էր ծառայողական կամ քաղաքական գործունեություն»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տրամաբանությամբ՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Եկեղեցին պետական կառավարման հարթակ չէ, և այնտեղ պետական իշխանության իրականացում չի կարող տեղի ունենալ։ Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները։ 

«Սա այն առանցքային կետն է, որտեղ մեղադրանքի ամբողջ կառուցվածքը փլուզվում է: 

Ավելին՝ առաջադրված հոդվածները ակնհայտորեն անհամաչափ են և արհեստականորեն ընդլայնված։ Խուլիգանության և «միջամտության» համադրումը ստեղծում է արհեստականորեն ծանրացված մեղադրանք, որը ավելի շատ հիշեցնում է քաղաքական ուղերձ՝ չհամաձայնվողները պետք է պատժվեն։ 

Այս գործը վտանգավոր նախադեպ է։ Եթե ցանկացած միջադեպ կարող է ներկայացվել որպես «պաշտոնատար անձի գործունեությանը միջամտություն», ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել ցանկացած անհամաձայնություն։ 

Եթե եկեղեցում «պաշտոնատար անձի գործունեությունը» տրամաբանական և համաչափ համարենք, ապա սա նշանակում է, որ ցանկացած հանրային վայրում (եկեղեցի, սրճարան, թատրոն) վարչապետի հետ անհամաձայնություն արտահայտելը կարող է դառնալ «միջամտություն»։ Սա իրավական աբսուրդ է և վտանգավոր նախադեպ»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ. Սուրենյանց