Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հպարտ քաղաքացին դեռ քննարկում է, բայց կառավարությունը արդեն որոշել է. Անուշ Պողոսյան
«Այսօր կառավարության կողմից հաստատվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու և առանձին հարաբերություններ կարգավորելու մասին օրենքների փաթեթը, որը կառավարությունը կներկայացնի Ազգային ժողով»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Գրառումը վերնագրելով «Հպարտ քաղաքացին դեռ քննարկում է, կառավարությունը արդեն որոշել է»՝ Պողոսյանը բացատրում է.
«Սահմանված կարգով՝ օրենքների նախագծերը պետք է նախապես տեղադրվեին e-draft համակարգում՝ հանրային քննարկման համար, և կառավարության քննարկմանը ներկայացվելիս պետք է առկա լիներ նաև հանրային քննարկման տեղեկանքը։
Սակայն իրականում տեղի ունեցավ հետևյալը․
Առողջապահության նախարարության կողմից նախագծերը հանրային քննարկման դրվեցին 30.03.2026-ին, վերջնաժամկետ սահմանվեց՝ 14.04.2026, մինչդեռ կառավարության կողմից նույն փաթեթը ընդունվեց արդեն 02.04.2026-ին։
Այսինքն՝ նախագծերի հանրային քննարկումը դեռևս ընթացքի մեջ էր, երբ կառավարությունը դրանք արդեն ընդունել էր։
Եզրակացությունը պարզ է․ հանրության կարծիքը, մեղմ ասած, կառավարությանը չի հետաքրքրում»։