«Ժողովուրդ». Ինչ կոնկրետ ծավալի աշխատանք է ներառել 600 հազար դրամ արժողությամբ խորհրդատվությունը Ստեփանավան համայնքապետարանի համար
Օրվա մամուլ
08:15 02/04/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ կոնկրետ ծավալի աշխատանք է ներառել 600 հազար դրամ արժողությամբ խորհրդատվությունը Ստեփանավան համայնքապետարանի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2026 թվականի հունվարի 14-ը ուշագրավ օր է Արմեն Գրիգորյանի ղեկավարած Ստեփանավան համայնքապետարանի գործունեության մեջ։ Նույն օրը կնքվել են երկու պայմանագրեր, որոնք, առաջին հայացքից, վերաբերում են նույն ծրագրին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման նախագծային գործընթացին, սակայն դրանց ֆինանսական հարաբերակցությունը հարցեր է առաջացնում։

Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար ծախսվել է 259,999 դրամ, նույն փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայության համար՝ 600,000 դրամ։

Թվերի համադրությունը ենթադրում է ակնհայտ անհամաչափություն. խորհրդատվությունը գնահատվել է ավելի քան կրկնակի թանկ, քան փորձաքննությունը, որը, մասնագիտական տեսանկյունից, հաճախ ենթադրում է ոչ պակաս բարդ և պատասխանատու աշխատանք։

Հատկանշական է, որ երկու ծառայություններն էլ վերաբերում են նույն ենթակառուցվածքային նախագծին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգմանը, ինչը ենթադրում է միասնական տեխնիկական շղթա։ Այդ պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչ մեթոդաբանությամբ կամ հիմնավորմամբ է խորհրդատվական բաղադրիչը արժևորվել զգալիորեն բարձր։

Թափանցիկության և հանրային միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից կարևոր է հասկանալ՝ արդյոք իրականացվել է շուկայական համեմատական ուսումնասիրություն, կան արդյոք մրցակցային առաջարկներ, և ինչ կոնկրետ ծավալի աշխատանք է ներառել 600 հազար դրամ արժողությամբ խորհրդատվությունը։

Համայնքային կառավարման արդյունավետության առանցքային սկզբունքներից մեկը համաչափ և հիմնավորված ծախսային քաղաքականությունն է։ Երբ նույն ծրագրի շրջանակում ծառայությունների արժեքների միջև առաջանում է նման տարբերություն, հանրային վերահսկողությունն ու պարզաբանումների անհրաժեշտությունը դառնում են ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական պահանջ։

Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է՝ համայնքային բյուջեի յուրաքանչյուր դրամի օգտագործումը պետք է լինի ոչ միայն օրինական, այլ նաև հիմնավորված, բաց և հասկանալի հանրության համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչ կոնկրետ ծավալի աշխատանք է ներառել 600 հազար դրամ արժողությամբ խորհրդատվությունը Ստեփանավան համայնքապետարանի համար