Պետրոս Ղազարյանի 217 հաղորդումներից որևէ մեկին ՀԱԵ-ից որևէ հոգևորական չի հրավիրվել, սակայն հրավիրվել է 5 կարգալույծ քահանա. Փաստաբան
Իրավունք
12:41 03/04/2026
Հայաստան

Պետրոս Ղազարյանի 217 հաղորդումներից որևէ մեկին ՀԱԵ-ից որևէ հոգևորական չի հրավիրվել, սակայն հրավիրվել է 5 կարգալույծ քահանա. Փաստաբան

«Գլխավոր դատախազից պահանջում ենք քրեական վարույթ հարուցել Հանրային հեռարձակող խորհուրդի, ինչպես նաև  Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից օրենքների խախտման փաստով»,-դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Նա մանրամասնեց, պահանջում են առնվազն երկու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ այդ մարմիններն ու դրանց աշխատակիցները չեն հարգում ՀՀ օրենքները։

«Ընդ որում չեն հարգում այն օրենքները, որոնք ընդունվել են Փաշինյանի օրոք, ընդ որում այդ հանձնաժողովներն ի նպաստ իշխանության օգտագործելու համար»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդմանը հետևել է «Նժար» հասարակական-քաղաքական ուժի հետազոտությունը։

Ուսումնասիրվել են մեծ լսարան ունեցող ու ամենադիտվող ժամերին հեռարձակվող հաղորդումները, վերլուծության են ենթարկվել դրանց հյուրերը։

«Իրականում, ինչպես ցույց են տալիս դիտարկումները, հատկապես վերոնշյալ հաղորդումները հեռարձակվում են առավելապես մեկ մարդու՝ ՀՀ վարչապետի կամ մեկ կուսակցության՝ Քաղաքացիական պայմանագրի շահերի ներկայացման նպատակով։ Ավելին՝ նշյալ հաղորդումների ժամանակ, որպես կանոն արժեզրկվում և պիտակավորվում են այլ, ոչ իշխանական շարժումներն ու գաղափարները։

Փաստացի հարկատուների հաշվին գործող Հանրային հեռուստաընկերությունը ծառայում է հարկատուների մի մասին միայն և ուղղակիորեն խմբակային շահերից ելնելով ստորադասում է հանրության մի զգալի հատվածի շահերը։

Զորօրինակ՝ 2025 թվականի ընթացքում վստահորդիս կողմից իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումը հեռարձակվել է 217 անգամ, որից 136-ին մասնակցելու հրավիրվել են ՔՊ կուսակցությունից (ԱԺ խմբակցությունից) կամ կառավարման գործադիր մարմնի ներկայացուցիչներ, կարգալույծ եղած 5 նախկին հոգևորական, 0 հոգևորական Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, 31 ընդդիմադիր գործիչ, արտախորհրդարանական ուժերի 10 ներկայացուցիչ, որոնցից՝ 2 անձ հրավիրվել են 10 անգամ (6 անգամ Արման Բաբաջանյանը և 4 անգամ Արամ Սարգսյանը (երկուսն էլ իշխանության քարոզիչներ են։ Նույն պատկերն է նաև մյուս հաղորդումների դեպքում»,-ասաց Արայիկ Պապիկյանը։

Ըստ փաստաբանի, ներկայացվածը վկայումն է այն փաստի, որ Հանրային հեռուստաընկերությունը չի ծառայում հանրությանը, իսկ եթե նկատի ունենանք, որ առաջիկայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, ապա հասկանալի է դառնում թե՝ ինչ բնույթի ու ծավալի իշխանահաճո քարոզչություն ու ոչ իշխանական ուժերի կամ շարժումների վարկաբեկում է սպասվում։

Այս պնդումը հաստատվում է նրանով, որ շուրջ 3 շաբաթ է ՀՀ վարչապետն ու նրա կուսակիցները, պատգամավորները, նախարարներն ու մարզպետները շրջագայում են ՀՀ մարզերով, համայնքներով, ըստ էության սկսել են քարոզարշավը, որը լուսաբանում է Հանրային հեռուստաընկերությունը, և միևնույն ժամանակ չի լուսաբանում ընդդիմադիր որևէ կուսակցության կամ շարժման նշանակալի միջոցառումները (համագումարներ, ժողովներ, այլ)։

«Եթե վերոգրյալին հավելենք նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես վերջին ամիսների ընթացքում բացահայտ կամայական է լուսաբանել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող լուրերն ու իրադարձությունները, ապա կարող ենք նկատել, որ Հանրային հեռուստաընկերությունը իրեն թույլ է տալիս նաև վարել հանցավոր՝ հակահոգևոր և հակակրոնական քաղաքականություն, որն օգտագործում է վարչապետի անձի շահերի սպասարկման նպատակով։ Գործը հասել է նրան, որ «Առաջին ալիք»-ը ապահովում է վարչապետի մասնակցությամբ մատուցվող պատարագը այն դեպքում, երբ նույն պահին Մայր Աթոռում մատուցվող Ճրագալույցի Սուրբ Պատարագը չի հեռարձակվում։ Ի վերջո պատարագի շահառուն հարկատու հավատացյալն է, ով պետք է հոգևոր սնունդ ստանա, ինչը վարչապետին ցուցադրելով/դիտելով հնարավոր չէ ապահովել։

Հատկանշականն այն է, որ Հանրային-ը այս վարքագծով ուղղակիորեն նսեմացնում է հավատացյալների արժանապատվությունն ու զգացմունքները, խտրական գործունեությամբ ստորդասում է Առաքելական եկեղեցու բազմահազար հավատավորների հոգևոր զգացմունքները։ Այս ամենը բացահայտ հակասահմանադրական և հանցավոր գործունեություն է, որին առ այսօր իրավապահները զարմանալիորեն քրեաիրավական գնահատական չեն տվել»,-ասված է հաղորդման մեջ, որով դատախազից պահանջում են՝ հանձնարարել նախաձեռնեն քրեական վարույթ և քրեական պատասխանատվության ենթարկեն Խորհրդին և Հանձնաժողովին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետրոս Ղազարյանի 217 հաղորդումներից որևէ մեկին ՀԱԵ-ից որևէ հոգևորական չի հրավիրվել, սակայն հրավիրվել է 5 կարգալույծ քահանա. Փաստաբան