Իհարկե, մեկնելու ենք մեդալների համար. Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
09:47 04/04/2026
Հայաստան

Իհարկե, մեկնելու ենք մեդալների համար. Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիները բաց մարզում են անցկացրել Եվրոպայի առաջնություուն մեկնելուց առաջ, որը կայանալու է Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ 

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է, որը կավարտվի ու ապրիլի 16-ին կմեկնենք Բաթումի: Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես որ նախորդ տարի էր: Ուսումնամարզական հավաքներն անցել ենք շատ նորմալ, չկան վնասվածքներ: Ամենակարևորն է, որ մարզիկները մրցաշարին մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույնով: Մենք մեդալների շանսը երբեք բաց չենք թողնի»:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը նշել է. «Հույսերս շատ մեծ են, կարծում եմ հնարավոր կլինի լավագույնս մասնակցել ու մեդալ նվաճել: Մենք ամբողջ թիմում միմյանց կողքի ենք լինում, թե դժվար պահերին, թե նվաճումների ժամանակ: Լիահույս եմ, որ բոլորիս կհաջողվի մեդալ նվաճել»:

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի ներկայացմամբ, թիմի վիճակը շատ լավ է, վնասվածքներ չունեն. «Անցկացրել ենք 5 ուսումնամարզական հավաք: Տղաները պատրաստ են, լավ տրամադրված են: Իհարկե, մեկնելու ենք մեդալների համար»:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Ռաֆիկ Հարությունյանն ասել է. «Մարզավիճակի առումով սա վերջին փուլն է, որն անցնում ենք: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք մրցումներին: Մրցաշարի մեկնում ենք մարտական տրամադրությամբ: Ես ինձ ավելի լավ եմ զգում հենց մրցահարթակին: Փորձելու եմ մրցումներին ավելի բարելավել կիլոգրամներս: Թիմում լարվածություն չկա ու մեծամասնությունը փորձառու մարզիկներ են»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իհարկե, մեկնելու ենք մեդալների համար. Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ