Դեղը 38.000 է, թոշակը՝ 37.500. 500 դրամ էլ պետք է պարտք անենք, որ դեղ առնենք. Հարցում
Հարցազրույցներ
14:48 04/04/2026
Հայաստան

Դեղը 38.000 է, թոշակը՝ 37.500. 500 դրամ էլ պետք է պարտք անենք, որ դեղ առնենք. Հարցում

Արդա՞ր է, որ պաշտոնյանները միլիոնավոր հավելավճարներ են ստանում, իսկ թոշակը բարձրանում է 10.000 դրամով։ Հարցվածների մեծ մասը կարծում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունը չի համապատասխանում երկրի սոցիալական վիճակին։

«Էդ ո՞նց է՝ էն աթոռ մաշողները 7 միլիոններով պարգևատրում են ստանում, իսկ զինվորական թոշակառուները էնքան չեն ստանում, որ իրենց մինիմումն ապահովեն։ Դա դեֆիցիտի փողն է, որը պիտի ամենաքիչը 50%-ով ավելանար, որ հիմիկվա շուկայի գների հետ համապատասխաներ»,- նշում է հարցման մասնակիցներից մեկը։

Քաղաքացիները նշում են, որ անաշխատունակության պայմաններում պետական աջակցության դադարեցումն ընտանիքներին կանգնեցնում է աղետի առաջ։

«Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, թոշակս կտրեցին։ Տղաս էլ է 2-րդ կարգի հաշմանդամ, ստանում էր 20,000 դրամ փոխհատուցում, դա էլ կտրեցին։ Տանը չորս անչափահաս երեխա կա, ինքը՝ անաշխատունակ, աշխատող չկա տանը։ Չգիտեմ՝ ինչի՞ են կտրել, մի քանի անգամ գրել եմ, ոչ մի պատասխան չկա»։

Հարցվածները շեշտում են, որ թոշակների նախատեսվող 10,000 դրամի բարձրացումը որևէ էական ազդեցություն չունի գնաճի պայմաններում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է առողջապահական ծախսերին։

«Որդիս երիկամային հիվանդ է, 37,500 դրամ թոշակ է ստանում, իսկ նրա մի տուփ դեղն արժի 38,000 դրամ։ 500 դրամ էլ պետք է պարտք անի, որ էդ մի տուփ դեղն առնի։ 10,000 դրամը իրենց համար 100 դոլարանոց անձեռոցիկի տեղ է, բայց մարդ կա՝ երկու օր հաց կուտի դրանով»։

Հարցման մասնակիցները միակարծիք են՝ երկրում ամենաբարձր վարձատրությունը պետք է ստանա սահմանը պահող զինվորը։

«Ամենաբարձր աշխատավարձը պիտի ստանա սալդաթը, որ անձրևի ու ձյան տակ ավտոմատը ձեռքին սահմանին կանգնած է, որ մենք հանգիստ քնենք։ Նա ստանում է չնչին փող՝ 160-170 հազար, որը հազիվ տրանսպորտին ու ուտելիքին է հերիքում։ Պիտի աթոռի համար կռվելու փոխարեն մարդու համար կռվեն»։

Ըստ հարցվածների՝ նվազագույն թոշակը պետք է լինի առնվազն 100,000 դրամ, որպեսզի միայնակ թոշակառուն կարողանա հոգալ կոմունալ ծախսերը և նորմալ սնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեղը 38.000 է, թոշակը՝ 37.500. 500 դրամ էլ պետք է պարտք անենք, որ դեղ առնենք. Հարցում