Ի՞նչ է սթրեսը և ինչպես նվազեցնել այն. խորհուրդներ՝ մասնագետից
Առողջություն
13:52 06/04/2026
Հայաստան

Ի՞նչ է սթրեսը և ինչպես նվազեցնել այն. խորհուրդներ՝ մասնագետից

Հատկապես վերջին տարիներին, հաճախ նաև անտեղի, հոգեկան տարբեր իրավիճակներ շատերը բնորոշում են սթրես բառով: ԱՆ խորհրդատու հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով Գևորգ Փաշիկյանը բացատրում է՝

Ի վերջո, ի՞նչ է սթրեսը.

Սթրեսը հոգեբանական լարվածության կամ անհանգստության վիճակ է, որը կարող է առաջանալ կյանքի դժվարին իրավիճակներում: Այն օրգանիզմի բնական ռեակցիան է, ինչն օգնում է մարդուն կենտրոնանալ և արդյունավետ գործել դժվարին իրավիճակներում:

Սակայն երկարատև և կայուն սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ հոգեկան , թե՛ ֆիզիկական առողջության վրա:

Ինչպես ճանաչել սթրեսը

Յուրաքանչյուր անձի մոտ սթրեսը կարող է դրսևորվել յուրովի: Կարևոր է ուշադրություն դարձնել այն ֆիզիկական կամ հոգեբանական փոփոխություններին, որոնք կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներում: Դրանցից որոշներն են՝

Ներքին լարվածություն և անհանգստություն

Դյուրագրգռություն

Տրամադրության փոփոխություններ

Գլխացավ

Սրտխփոց

Ախորժակի և մարսողության հետ կապված փոփոխություններ

Քնի խանգարումներ:

Տևական սթրեսն ազդում է անձի թե՛ առողջության վրա` առաջ բերելով առողջական խնդիրներ, թե՛ նպաստում է արդեն առկա առողջական խնդիրների խորացմանը:

Ինչպես նվազեցնել սթրեսը

Պահպանե՛ք կանոնավոր և բավարար քունը

Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ

Պահպանե՛ք աշխատանքային հիգիենան (աշխատանք- հանգիստ հավասարակշռությունը)

Պահպանեք սոցիալական կապերը

Կատարեք շնչառական և հանգստացնող ինքնօգնության վարժություններ:

Եթե չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել սթրեսը, ապա դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի:

«Ապրիլ ամիսն աշխարհում նշվում է որպես սթրեսի իրազեկման ամիս: Այն ևս մեկ առիթ է հիշեցնելու հոգեկան առողջության մասին հոգ տանելու և առողջ սովորություններ ձևավորելու կարևորությունը:

Իրազեկ լինելով և ժամանակին ճիշտ միջոցներ ձեռնարկելով` կարող եք արդյունավետ կառավարել սթրեսը` հնարավորինս քիչ վնասներ հասցնելով ձեր հոգեկան ու ֆիզիկական առողջությանը»,- նշել է Գևորգ Փաշիկյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է սթրեսը և ինչպես նվազեցնել այն. խորհուրդներ՝ մասնագետից