Հայտնեցին, որ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, եթե 3 ամիս չվարձատրվեմ՝ որպես բժիշկ աշխատելու իմ մոտիվացիան կկորի. Գևորգ Գրիգորյան
Առողջություն
14:32 07/04/2026
Հայաստան

Հայտնեցին, որ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, եթե 3 ամիս չվարձատրվեմ՝ որպես բժիշկ աշխատելու իմ մոտիվացիան կկորի. Գևորգ Գրիգորյան

«Մենք շրջում ենք բուժհաստատություններով, փորձում ենք իմանալ, թե բժիշկներն ապահովագրական համակարգի վճարները ստանո՞ւմ են, թե՞ ոչ, ինչ խնդիրներ, բարդություններ ունեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում նախարարությանը տեղ հասցնենք, խնդիրները շտկեն»,- Դավթաշեն վարչական շրջանի թիվ 20 պոլիկլինիկայի բժիշկներին դիմեց ուրոլոգ, անդրոլոգ, «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ Գևորգ Գրիգորյանը։

Նա նշեց, որ պոլիկլինիկայից որևէ ահազանգ չի եղել, ուղղակի պատահական ընտրությամբ այցելել են՝ որպեսզի տեսնեն թե բուժաշխատողներն ինչ դիտարկումներ և նկատառումներ ունեն, ինչ պետք է անեն պետական մարմինները, որպեսզի ապահովագրական համակարգը հարատև գործի և շարունակի սպասարկել մեր բնակիչներին։

«Որովհետև, եթե մենք մտնում ենք բուժաշխատողի մոտ և իմանում ենք, որ այդ մարդը 3 ամիս չի ստացել իր խորհրդատվությունների աշխատավարձը՝ այն խնդիր է։ Ես որպես բժիշկ ասեմ, եթե 3 ամիս չվարձատրվեմ՝ որպես բժիշկ աշխատելու իմ մոտիվացիան կկորի ամբողջապես»,- ասաց Գևորգ Գրիգորյանը՝ շարունակելով.

 «Մենք չենք կարող դժգոհ բուժաշխատողով ունենալ հարատև աշխատող ապահովագրական համակարգ»։

Գրիգորյանը ընդգծեց, որ ահազանգերը բազմաթիվ են, բայց իրենք մտնում են պատահական պոլիկլինիկաներ։

«Կան պոլիկլինիկաներ, որտեղ ադմինիստրացիան վարչական լծակով բժիշկներին ստիպում են լռել, իսկ ստրկատիրական համակարգն անթուլատրելի է բժշկական ոլորոտում, որովհետև բուժաշխատողը պետք է կարողանա իր կարծիքը արտահայտել՝ դժգոհությունն էլ, գոհունակությունն էլ»,- ասաց «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամը՝ հավելելով. «Ներառական մասնակցային կերպով է պետք նման նախագծերն իրականացնել, ի վերջո սա սոցիալական ոլորտ է»։

Առաջին կաբինետում աշխատող մանկաբույժ Նունե Տոնոյանն ասաց, որ  շատ գոհ է համակարգի ներդրումից։

 «Մի բան, որն ուղղված է  Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարօրությանը, չի կարող դժգոհություն առաջացնել։ Ասեմ ավելին՝ շնորհակալ եմ տիկին Ավանեսյանին այս նախաձեռնությամբ հանդես գալու համար»,- ասաց մանկաբույժը։

 Նա հայտնեց որ ունի ընտանիքի անդամ, որն այս շրջանակներում ստացել է բժշկական օգնություն և շատ շնորհակալ է։

«Ես կխոսեմ մանկաբույժների անունից։ Ասեմ, որ առ այսօր, արդեն չորրորդ ամիսն է մենք աշխատում ենք բարեգործական հիմունքներով։ Ապահովագրության շրջանակներում մեր կատարած խորհրդատվությունների համար առ այսօր դեռ չենք վարձատրվել»,-հայտնեց մանկաբույժ Նունե Տոնակյան

 Բժիշկը նշեց, որ տնտեսագետ չէ, չի հաշվարկել իրեն պարտք գումարի չափը, կատարել է իր աշխատանքը և ակնալում  է համապատասխան վարձատրություն։

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց, թե ըստ նրա բժիշկները քանի ամիս կարող են այդ բարեգործությունն անել։

 Մանկաբույժն ասաց, որ 3 շաբաթ առաջ դիմել է Առողջապահության նախարարություն, ստացել է «սպառիչ պատասխան», ասել են, որ  գումարն արդեն հատկացրել են և որ կվարձատրվեն։

 Նա չկարողացավ պատասխանել, թե ինչու չեն վարձատրվել, քանի որ նույն պոլիկլինիկայում նեղ մասնագիտական բուժկազմը վարձատրվել է՝ հայտնելով, որ մեկ բուժական սպասարկման դիմաց բուժհաստատությունը ստանում է 6 000 դրամ է, որից 3 000 դրամն է աշխատավարձը։

Տոնոյանը հայտնեց, որ բավարարված չէ այդ չափով. «Ես իմ աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, 38 տարվա մանկաբույժ եմ, բարձր վարկանիշ ունեմ և ակնկալում եմ ըստ իմ աշխատանքային պայմանագրի վարձատրություն։ Եթե ես ունեմ պարտավորություններ և իրավունքներ, իմ գործատում էլ իմ հանդեպ ունի պարտավորություններ և ակնկալում եմ իր պարտավորություննրի կատարում»

 Գևորգ Գրիգորյանն ասաց, որ համացանցում լուր է տարածվում, որ բժիշկներին նախարարությունից ստիպում են ջնջել իրենց խորհրդատվությունները դրանց փոխարեն այց ձևակերպել։

 «Մեզ բացատրել են, որ եղել են սխալ մուտքագրումներ, չնայած սխալը մեր կողմից չի եղել։ Ես մուտքագրել եմ՝ համակարգն ընդունել է, հաստատել և փոխանցել է գումարը, այդտեղ սխալը պետք է փնտրել համակարգի մեջ։ Մենք ջնջել ենք ոչ թե մեր մասնագիտական խորհրդատվությունները, այլ այն խորհրդատվությունները, որոնց դեպքում մենք աշխատանք չենք կատարել՝ ուղղորդել ենք այլ մասնագետի»,-ասաց մանկաբույժ։

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ԱՆ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որով այսուհետ առաջնային բուժսպասարկման աշխատակիցը վարչական տուգանքի կենթարկվի, եթե հիվանդին ուղղորդի այլ բժշկի մոտ։

Պոլիկլինիկայի բուժգծով փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը հակադարձեց, որ նման կարգավորում չկա։ Պատգամավորը բացատրեց, որ այսօրվա ԱԺ արտահերթ նիստում է օրինագիծն ընդունվելու։

Բուժգծով փոխտնօրեն վստահեցրեց, որ բոլոր բժիշկներին վճարումները եղել են պեռկապիտաով, իսկ խորհրդատվության համար դեռ չեն վարձատրվել, քանի որ սխալներ են եղել մուտքագրման մեջ և պետք է ուղղեն։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնեցին, որ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, եթե 3 ամիս չվարձատրվեմ՝ որպես բժիշկ աշխատելու իմ մոտիվացիան կկորի. Գևորգ Գրիգորյան