Վերաբացվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը
Կրթություն, գիտություն
17:50 07/04/2026
Հայաստան

Վերաբացվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից ու մանրամասնում՝  Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը միտված է Եվրոպական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին տարբեր շահառուների և շահագրգիռ  կողմերի մասնակցության խթանմանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել ինչպես Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացման, այնպես էլ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ. «Շատ խորհրդանշական է, որ հենց այս օրը ներկա ենք գրասենյակի վերաբացմանը։ Մայրությունն ինքնին նոր կյանքի սկիզբ է, և հույս ունեմ, որ այս խորհրդանշական օրը՝ իր դրական լիցքով, կդառնա համագործակցության նոր սկիզբ այն կառույցների համար, որոնք արդեն երկար ժամանակ ներգրավված են ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրերում։ Հուսով եմ, որ այս նոր սկիզբը կնպաստի արդեն ձևավորված համայնքի զարգացմանը և ընդլայնմանը»։

Նա կարևորել է Էրազմուս+ գրասենյակի և ծրագրերի դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում։ Նա ընդգծել է նաև աշխատանքային միջավայրի և համագործակցության մշակույթի ձևավորման կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպական միության գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Ժաննա Անդրեայսանի խոսքով՝ գրասենյակի գործունեությունն այսուհետ ընդգրկելու է ոչ միայն բարձրագույն կրթությունը, այլև միջին մասնագիտական կրթության և ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտները՝ նշելով, որ սպորտի ոլորտի ուղղությամբ արդեն իսկ գործում է 3 ծրագիր:

«Ամենակարևոր հանձնառություններից մեկը համագործակցության շրջանակի ընդյալնումն ու նոր ուղղությունների  ներգրավումն է։ Գրասենյակը տեղակայվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի շենքում, որը պատասխանատու է նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի համակարգման համար, ինչը հնարավորություն կտա ապահովել սիներգիա և ձևավորել համագործակցության շարունակական շղթա։ Այս մոտեցումը կարևոր է հատկապես երիտասարդների համար, քանի որ կրթական տարբեր ծրագրերում ներգրավվելուց հետո նրանք հնարավորություն կունենան շարունակել գիտական կարիերան»,- ասել է նախարարը։  

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նոր գրասենյակի աշխատակազմի ձևավորմանը՝ ընդգծելով, որ աշխատակիցներն ընտրվել են մրցակցային ընթացակարգերով, իսկ գործընթացների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կարևոր չափանիշներ են, որոնք պետք է պահպանվեն նաև հետագայում։

Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի 2021-2027 թվականների թիրախային ուղղություններն են սոցիալական ներառականությունը, կանաչ ու թվային փոխակերպումները և երիտասարդների մասնակցության խթանումը ժողովրդավարական գործընթացներում: Էրազմուս+ ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու միջազգային համագործակցությունը գործընկեր երկրների կազմակերպությունների հետ փոխգործակցության միջոցով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերաբացվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը