Մինչև ե՞րբ կշարունակվի Իսակով պողոտայի նորոգումն ու կիլոմետրանց խցանումները
Հասարակություն
12:14 07/04/2026
Հայաստան

Մինչև ե՞րբ կշարունակվի Իսակով պողոտայի նորոգումն ու կիլոմետրանց խցանումները

Արմավիրից, Էջմիածնից Երևան գնացող մեքենաների վարորդների, ուղևորների համար արդեն «սովորական» է դարձել, որ ամեն առավոտ Իսակով պողոտայում 20-30 րոպե մնալու են խցանման մեջ։ Սակայն արդեն երեք-չորս օր է, այդ 20-30 րոպեն դարձել է 50 րոպե ու ավելի, խցանումը ձգվում է մի քանի կիլոմետր։ Պատճառն այն է, որ ճանապարհը նորոգվում է։ Դեռևս միայն դեպի Երևան գնացող ճանապարհը։ Կարելի է ենթադրել, որ Երևանից դեպի Արմավիր, Էջմիածին վերադարձողները աշխատանքային օրվանից հետո մի հատ էլ պետք է գրեթե մեկ ժամ ուշ հասնեն տուն արդեն դեպի Արմավիրի մարզ գնացող ճանապարհի շինարարության ժամանակ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը ասում է, որ Երևանի Իսակով պողոտան շուրջ 11,4 կմ երկարությամբ ճանապարհ է  աջ և ձախ երթեկելի մասերով։

«Այս պահին հեռացվում է նախկինում եղած ասֆալտբետոնե ծածկը 5 սմ խորությամբ, զուգահեռաբար տեղամասերում կատարվում են փոսալցման, ճաքալցման աշխատանքներ, այս շաբաթ կունենանք ասֆալտաշերտի տեղադրում»,- հայտնում է Ա.  Խաչատրյանը։

Նա նշում է, որ աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին. «Հաշվի առնելով, որ Երևանին մոտեցող ճանապարհին է շինարարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով փորձում ենք աշխատանքներն իրականացել գիշերային ժամերին։ Ճանապարհահատվածը փակվում է երեկոյան ուշ ժամերին, մինչև լուսադեմ իրականցվում են աշխատանքներ»։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից Panorama.аm-ին հայտնեցին, որ Իսակով պողոտայի նորոգման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև մայիսի սկիզբ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մինչև ե՞րբ կշարունակվի Իսակով պողոտայի նորոգումն ու կիլոմետրանց խցանումները