Այստեղ եմ՝ այդ վերևի մարդուն ասելու, որ չպիտի այս երկրում խոսքի, վերաբերմունքի համար կալանավորվեն. Անաիս Սարդարյան
Իրավունք
13:55 09/04/2026
Հայաստան

Այստեղ եմ՝ այդ վերևի մարդուն ասելու, որ չպիտի այս երկրում խոսքի, վերաբերմունքի համար կալանավորվեն. Անաիս Սարդարյան

«Յուրաքանչյուր բռնություն իմ կողմից դատապարտելի է, բայց նայելով այդ կադրերին, որոնց պատճառով այդ երեխան հիմա կալանավորված է, այդտեղ բռնություն ես չեմ տեսնում։ Եթե ինքը ձեռքը գցել է, որից հետո ստացել է հարված, ընկել է գետնին, ունի բազմաթիվ հիվանդություններ կալանքի հետ անհամատեղելի, այդ երեխան չպիտի լինի կալանավորված»,- նշեց դերասանուհի Անաիս Սարդարյանն այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ խաղաղ ակցիային մասնակցում են հասարակական գործիչներ, քաղաքացիներ, Դավիթի դասընկերների ծնողները, փաստաբանները։

 «Ես այսօր այստեղ եմ ասելու այդ վերևի մարդուն, որ չպիտի այս երկրում խոսքը, վերաբերմունքը, հայացքները միանգամից կալանքի տարվեն, դա նորմալ չի։ Լավ, մենք գիտե՞նք, որ գոյություն ունի տնային կալանք, պայմանական կալանք... պիտի իմանանք, շատ մարդիկ չգիտեն, որ գոյություն ունի, որովհետև չի կիրառվում դա»,-նշեց Ա. Սարդարյանը։

Դերասանուհու խոսքով, ինքը բազմաթիվ մտահոգություններ է ստանում խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ. «Ինձ ամեն օր գրում են՝ «Անաիս ջան, զգույշ եղիր էլի, քեզ չբռնեն», բայց ինչի՞ պիտի բռնեն, որ ես իմ խոսքի իրավունքից եմ օգտվում «ժողովրդավարական բաստիոնում»։ Կոնկրետ ինչի՞ համար պիտի Դավիթը գնա տնային կալանքի. նախ՝ նա չի արել այնպիսի հանցանք, որ 12-րդ դասարանում հենց հիմա դասի նստելու փոխարեն պիտի լիներ կալանավորված, չնայած կոկորդիլոսագետները ուրախանում են դրա վրա»։

ՆԵղության մեջ գտնվող հազարավոր մարդկանց Ա. Սարդարյանն այսօր էլ դիմում է քաղաքացիներին, ոչ թե պաշտոնյաներին. «Ես ինչ ասեմ այդ մարդկանց... ես պիտի հանրությանն ասեմ, որ մի վախեցեք, ձեր ձայնը հնչեցրեք միշտ ու ամեն տեղ։ Լավ, հո բոլորիս չե՞ն տանելու կալանքի, դա նորմալ չի, ժողովուրդ։ Ես ավելի շատ զայրանում եմ նրա վրա, որ մարդիկ նստում ու սկսում են քննադատել 18 տարեկան դպրոցականին, արդարացնել նրան խփողին, նրան կալանք տվողին, արդարացնել այդ ամենը»։

Հիշեցնենք, որ 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանը կալանավորվեց Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին։ Նա Սուրբ Աննա եկեղեցում ներկա էր պատարագին, երբ Փաշինյանն իր շքախմբով ներս մտավ, ու հավատացյալներին աղոթքի պահին սկսեցին այս ու այն կողմ հրել։ Դրա արդյունքում տեղի ունեցած միջադեպից հետո Դավիթ ու Միքայել Մինասյաններին ձերբակալեցին, ավելի ուշ Դավիթի եղբորն ազատ արձակեցին, իսկ Դավիթին կալանավորեցին երկու ամսով։ Նախ «Արմավիր», ապա «Աբովյան» ՔԿՀ տեղափոխելիս Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր, գիտակցության կորուստներ էր ունեցել, այս պահին նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այստեղ եմ՝ այդ վերևի մարդուն ասելու, որ չպիտի այս երկրում խոսքի, վերաբերմունքի համար կալանավորվեն. Անաիս Սարդարյան