Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոն դատարանում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոն դատարանում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Աղբյուրը հիշեցնում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։ Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել է բողոքը։ Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, որը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել։ Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը ևս բողոքարկվել է՝ թե դատախազության, թե՛ Առուշանյանի պաշտպանի կողմից։