Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծում, բոլորին ցույց են տալիս, որ ինչ կուզեն, կանեն. Զարուհի Մուրադյան
Հասարակություն
16:40 09/04/2026
Հայաստան

Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծում, բոլորին ցույց են տալիս, որ ինչ կուզեն, կանեն. Զարուհի Մուրադյան

«Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը սադրանք էր. այդ ժամին եկեղեցի մտնելը այդ բռի ու կոպիտ խմբով... իսկ քանի որ  Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր սադրիչ էությամբ, ինքը հասավ իր նպատակին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Մուրադյանի պատկերասրահի հիմադիր, նկարչուհի Զարուհի Մուրադյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում  տեղի ունեցած միջադեպին, որից հետո երկու ամսով կալանավորվեց 18-ամյա Դավիթ Մինասյանը։

Ըստ նրա,18 տարեկանին կալանք տալն ուղղակի խոշտանգում է, բոլորի համար դաս։

Զարուհի Մուրադյանն այսօր բազմաթիվ քաղաքացիների, հասարակական, մշակութային գործիչների հետ գլխավոր դատախազության դիմաց էր՝ ի աջակցություն Դավիթ Մինասյանի։ Նրանք պահանջում էին փոխել Դավիթի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։  

Զ.Մուրադյանը նշեց, որ Փաշինյանը իր պարտականությունները չի կատարում որպես վարչապետ. «Կառավարությունը պետք է զբաղվի երկրի անվտանգությամբ, տնտեսությամբ, ինքը ընկած 2-րդ, 3-րդ անգամ մանկապարեզ է բացում, 2-րդ անգամ դպրոց է գնում, կախիչ ստուգում։ Դա իր պարտականությո՞ւնն է։ Այդ մարդը ոչ մի պարտականություն չի կատարում, բայց անընդհատ սադրում է նման դեպքեր։

Դա անում է ընտրություններից առաջ վախի մթնոլորտ ստեղծելու համար, բոլորին ցույց է տալիս, որ ուժային մեթոդներով ամեն ինչ կանեն, ինչ ուզեն, կանեն»,- ասաց Զ. Մուրադյանը։

Ինչ վերաբերում է ընտրության միջոցով իշխանափոխություն իրականացնելուն, նա ասաց. «Ցավոք սրտի, միշտ իշխանությունն է հաղթում ընտրություններով։ Մի կոչ կարող եմ անել՝ բոլոր շատ թե քիչ, իրոք ընդդիմադիր ուժերը դնեն մի կողմ իրենց տարաձայնությունները,  միավորվեն, միգուցե այդ դեպքում հարավոր լինի։  Չնայած նման սադրիչը, մանիպուլյատորը կարող է և ձայներ նկարել, ինչ ասես, անեն»։

Նա համամիտ է տարբեր գործիչների կողմից հնչող այն տեսակետին, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում երկրում նաև մարդու իրավունքների տեսանկյունից ավելի վատ վիճակ է լինելու. «Հիմա ինչքան քաղաքական բանտարկյալ ունենք։ Այդ մարդը, որը ժամանակին ինքն էր քաղաքական բանտարկյալ... Ձեռքս կոտրվի, իր համար էլ եմ ստորագրություն դրել, ինչի համար փոշմանել եմ»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծում, բոլորին ցույց են տալիս, որ ինչ կուզեն, կանեն. Զարուհի Մուրադյան