Ապաշնորհ կառավարման մեկ առավոտ. Էլինար Վարդանյան
Քաղաքական
15:44 10/04/2026
Հայաստան

Ապաշնորհ կառավարման մեկ առավոտ. Էլինար Վարդանյան

«Առավոտյան երևանցին հերթական անգամ բախվեց քաղաքի ապաշնորհ կառավարման, իսկ ավելի ճիշտ՝ անկառավարելիության խնդիրներին: Մի վայրից մյուսը տեղափոխվելը նյարդերի պայքար էր: Թեև ճանապարհների խցանումներն արդեն դարձել են սովորական առօրյա, վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքն, ըստ էության, կանգնած է։ Արդեն նույնիսկ կարևոր չէ, թե որ ժամերին ես երթևեկում»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա նշում է՝  առավոտյան ճանապարհների՝ խրամատներ հիշեցնող փոսերին օբյեկտիվորեն ավելացել են վերանորոգման համար արված ասֆալտի նոր կտրվածքները: Հասկանալի է, կտրվածքները աշխատանքի անհրաժեշտ մասն են, բայց արդեն մեկ շաբաթ է օդերևութաբանները խոսում են ցիկլոնի և տեղումների մասին:

«Պարզ չէր, որ այդ ընթացքում փոսալցումներ հնարավոր չեն: Ինչո՞ւ են մարդկանց կյանքն ավելորդ բարդացնում:

Առավոտյան անձրևաջրերը հմտորեն թաքցնում էին փոսերն ու կտրվածքները, պատճառ դառնալով նոր վթարների: Եվ վարորդները հերոսաբար պայքար էին մղում փոսերի և կտրվածքների դեմ՝ պայքարում էին մեքենաներին վնասներ պառճառելու դեմ, պայքարում էին ցեխաջրերի դեմ, որ հանկարծ հետիոտի վրա չշփվի և սեփական նյարդերը քայքայելու դեմ: Վերջինն, ի դեպ, ամենաբարդն է։

Անձրևից թրջված ասֆալտի տակ, բացառությամբ Հանրապետության հրապարակի և դրան հարակից տարածքների, կորել էին հատուկենտ կիսատ-պռատ գծանշումները, և վարորդներին մնում էր մեքենան վարել աչքաչափով։

Բայց սա միայն այսօրվա և միայն Երևանի նկարագիրը չէ։ Սա մեր երկրի վիճակի մոդելն է։ Եվ այն կարելի շատ կարճ նկարագրել երկու արտահայտությամբ՝ ապաշնորհ կառավարում և քաղաքացիների մշտական սթրես։

Մեր երկիրը պետք է ազատվի ուժից, որ ընդունակ չէ կառավարել, չի կարողանում, կամ միգուցե չի ուզում։ Պետք է գան նոր ուժեր, որոնք կարող են, ունակ են, ուզում են»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապաշնորհ կառավարման մեկ առավոտ. Էլինար Վարդանյան